19
05, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար: Հայաստանը հնարավորություն կստանա ոչ միայն զարգացնել տնտեսական կապերը Սինգապուրի հետ, այլև տարանցիկ ուղի դառնալ Սինգապուրի համար տարածաշրջանային և եվրոպական շուկաներ առավել դյուրին կերպով ներթափանցելու տեսանկյունից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կատարողների համար հնարավորություն է ստեղծվում պահպանել իրենց իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ, ընդունել կատարողների` իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում: Պայմանագրի կնքումը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրման անհրաժեշտությամբ:
 

← Retour à la liste d'actualité