09
12, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ

Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այստեղ գտնվելու և ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար: Ինչպես պարոն Տերտերյանը նշեց, իհարկե, տեղյակ եմ, որ արդեն երկու օր քննարկում եք մեր երկրի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները: Ակնկալում եմ, որ ավելի ուշ միասին կամփոփենք այս օրերի ձեր աշխատանքի արդյունքները: Ուզում եմ ձեզնից լսել, թե ինչպիսի զարգացում եք ակնկալում, ինչ թերություններ և, ինչու ոչ՝ ինչ ձեռքբերումներ ունենք:

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Հատկապես շնորհավորում եմ հաղթողներին, այսինքն` մարդկանց, ովքեր արժանացան ժողովրդի՝ կոնկրետ պարագայում տվյալ համայնքի բնակչության վստահությանը: Այսպիսով մենք ամփոփեցինք համայնքների խոշորացման գործընթացի հերթական կարևոր փուլը:

Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաև այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում և համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է:

Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք: Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ և թիրախային: Միաժամանակ, կատարվում է հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները փոխարինվում են նոր ծառայություններ մատուցող միավորներով: Բայց տեղյակ եմ, որ որոշ համայնքներում դեռևս այս գործընթացը չի գնում` ինձ համար անհասկանալի պատճառներով: Թեև դրանք մեկն են կամ երկուսը` շատ արագ պետք է այս գործընթացն ավարտել, և բոլորովին պարտադիր չէ, որ ընտրված խոշորացված համայնքի համայնքապետը միանգամից որոշի, որ փոխում է բոլոր նախկին գյուղապետներին և մարդիկ է նշանակում` իբր ավելի վստահելի և ավելի արդյունավետ կառավարող: Ես կարող եմ իմ փորձից ձեզ ասել, որ սա ամենից վատ մոտեցումն է: Ես մի քանի նախարարություններ եմ փոխել, ինձ նշանակել են տարբեր նախարարություններում, և գալով նախարարություն` երբեք որևէ նախարարությունում իմ տեղակալներին կամ վարչության պետերին չեմ ասել, որ դիմում գրեք և գնացեք, որովհետև ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել: Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, և նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից:

Գիտեմ նաև, որ դեռևս բոլոր թերություններն այս առումով չեն վերացվել: Այնուամենայնիվ, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ավելի ընդարձակ և, հետևաբար, ավելի մրցակցային միջավայր ստեղծելով, մենք կարողանալու ենք վերացնել նաև այդ թերությունները՝ բարձրացնելով ընդունված որոշումների արդյունավետությունը:

Անցյալ տարի միասին հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր համակարգի ներդրման 20-րդ տարեդարձը: Այդ նիստի ընթացքում ես ներկայացրի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման իմ տեսլականը:

Կարծում եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում հաջողությամբ շարունակել ենք մեր համատեղ աշխատանքը՝ հընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ: Ռազմավարական առումով մեր նպատակները չեն փոխվել՝ ազատ և անկախ Հայաստանը պետք է լինի ամուր և կազմակերպված համայնքների երկիր:
Մենք շարունակելու ենք համայնքների խոշորացման գործընթացը: Չենք շտապելու, ուշադիր ծանրութեթև ենք անելու ամեն ինչ, բայց լինելու ենք հետևողական: Մեր անկախությունը պետք է օրեցօր ամրապնդվի պետության և հասարակության զարգացմամբ: Դրա համար անհրաժեշտ են ինչպես կենտրոնաձիգ ուղղահայաց գործադիր կառավարում, այնպես էլ ապակենտրոնացված և ինքնակազմակերպվող, իրենց խնդիրները տեղում սահմանելու և լուծելու ունակ ուժեղ համայնքներ: Միավորված, մեծ ռեսուրսներով օժտված և դրանք առավել արդյունավետ տնօրինող համայնքների և նրանց միջհամայնքային միավորումների փոխկապակցված շղթան մեր պետականության շարունակական զարգացման կարևորագույն գրավականներից է:

Մենք բնավ մեխանիկական համահարթեցման խնդիր չենք հետապնդում: Մեր խնդիրն է ոչ թե թուլացնել ուժեղ համայնքները, այլ ամրապնդել դրանք՝ զուգահեռ նոր հնարավորություններ ստեղծելով ավելի փոքր և թույլ համայնքների համար: Գաղտնիք չէ, որ շատերը չեն կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցել` համարժեք համայնքային ենթակառուցվածքներ չունենալու կամ, որ շատ ավելի վատ է, ունենալու պարագայում՝ շահագործել չկարողանալու պատճառով:

Կառավարությունը կարող է և պետք է սահմանի ընդհանուր չափանիշներ բոլոր համայնքների համար: Սակայն որևէ կառավարություն երբեք չի կարող գտնել ավելի լավ լուծում, քան այն, որը կմշակեն և կիրագործեն բուն համայնքում ապրող մարդիկ, նրանք, ովքեր իրենց այդ համայնքի տերն են համարում: Մեր խնդիրն է քաղաքացիների և գյուղացիների մեջ ամրապնդել հենց տիրոջ զգացումը, սեփական համայնքին տեր կանգնելու ձգտումը:

Դա է տեղական ինքնակառավարման մարմինները հետևողականորեն ամրապնդելու ճանապարհը: Այդ ընթացքում աստիճանաբար պետական և տարածքային կառավարման մարմիններին վերապահված բազմաթիվ լիազորություններ պետք է անցնեն տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հարգելի՛ գործընկերներ,
Շատ եմ լսել ֆինանսական հատվածի, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից, որ մեր համայնքներում հավակնոտ և իրատեսական ծրագրերի, դրանց թափանցիկ իրագործման ինստիտուցիոնալ կարողությունների առկայության պարագայում միշտ հնարավոր է ֆինանսավորում գտնել: Համայնքների ղեկավարներից շատերը վստահ են, որ իրենց համայնքներում լավ գաղափարներ կան: Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում ավելի ընկալելի են դարձել այդ պատկերացումների միջև անջրպետը նեղացնելու հնարավորությունները:

Արդեն հայտարարել եմ, վստահ եմ, որ տեղյակ եք, մինչև 2040 թվականը մեր ժողովրդագրական և տնտեսական զարգացման թիրախները, որոնք կարևոր են նաև մեր երկրի համաչափ զարգացմանն ու ներառական տնտեսական զարգացման առումով: Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ:

Շատ երկրներ իրենց զարգացման ճանապարհին արդեն իսկ անցել են այս ուղիով: Դրա համար անհրաժեշտ է համայնքների զարգացման մոտեցումների և ծրագրերի իրագործման պատկերացումների փոփոխություն: Ընթացիկ խնդիրների լուծումից անհրաժեշտ է անցնել երկարաժամկետ ծրագրեր կազմելուն՝ տեղերում ամրապնդելով սեփականության ու պատասխանատվության զգացումը:
Այդ աճը նաև պահանջում է յուրաքանչյուր համայնքի ներդրումը: Մասնավորապես, համայնքները պետք է կարողանան ձևավորել համապատասխան կարողություններ բարձր որակի զարգացման և կոնկրետ գործարար ծրագրեր կազմելու համար: Այդ կարողություններն ուղղված կլինեն պետական-մասնավոր համագործակցությանը և դեպի համայնքներ մասնավոր ներդրումների հոսքին:

Զարգացման ֆինանսավորման նոր մոտեցումների որդեգրումն ավելի կամրապնդի համայնքների ինքնուրույնությունը: Այս առումով լավ օրինակ է Երևան համայնքին «Ֆիտչ» ընկերության կողմից տրված բարձր վարկանիշը, որի արդյունքներն արդեն մենք տեսնում ենք: Երևան քաղաքը արդեն ստորագրել է ֆինանսական կառույցներից առաջին ֆինանսական ռեսուրսը ստանալու կոնկրետ պայմանագիրը՝ առանց պետական բյուջեի միջնորդության և պետական երաշխիքի: Իհարկե, սա չի նշանակում, որ այսպիսի պարագաներում համայնքները պետք է չարաշահեն և իրենց վրա վերցնեն բեռ, որ հետո իրենց խորտակելու է, բայց տրամաբանված, բարենպաստ պայմաններով վարկերի ստացումը և դրանց իրացումը մեզ համար ունի շատ կարևոր նշանակություն: Կարծում եմ՝ շատ չի ուշանա նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան համայնքային պարտատոմսերի թողարկումը: Վստահ եմ, որ այս մոտեցումները հնարավոր է իրագործել նաև բազմաթիվ այլ համայնքներում՝ ավելի փոքր համայնքների համագործակցության ու ջանքերի միավորման, ինչպես նաև հստակ չափորոշիչների և կարգավորումների ներդրման շնորհիվ։

Համայնքներին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, ապակենտրոնացման գործընթացները հաջողությամբ շարունակելու և իրագործելու համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր: Տեղերում անհրաժեշտ է ստեղծել մարդկային ռեսուրսներ և մասնագիտական կարողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով իրականացնել արդեն իսկ տրված լիազորությունները:

Պատահական չէ, որ այս հանդիպումը տեղի է ունենում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Սա հենց այդ հարցերի շուրջ Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և կենտրոնական բանկի մասնագետների արդյունավետ հանդիպում կազմակերպելու հնարավորություններից մեկն է:

Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման և մասնավոր ներդրումներ ներգրավելու նորարարական մոտեցումները: Մեր երկրի ֆինանսական հատվածը բավականին զարգացած է, և դա մեր գնահատականը չէ, այլ միջազգային կառույցների, և ունակ է հանդես գալու նոր մոտեցումներով: Համայնքներն էլ պետք է սկսեն հասկանալ ֆինանսիստների երբեմնի բարդ թվացող լեզուն և ավելի արդյունավետ կերպով սկսեն օգտվեն ֆինանսական հատվածի ընձեռած հնարավորություններից:

Մեկ շնչին ընկնող իմ նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ: Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական և կանաչ պարտատոմսերի թողարկման համար:

Երկարաժամկետ հատվածում հաջողության են հասնում այն ծրագրերը, որոնք համայնքները կապում են գլոբալ արժեշղթաներ հետ։ Դրանք Արևելյան Եվրոպայի և այլ զարգացող երկրների համար լուրջ առաջընթաց են ապահովել: Արտադրվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները, դառնալով միջազգային շուկաների մաս, գործնականում ապահովում են անվերջ պահանջարկ։ Իրականացվող ծրագրերի շահառուների շրջանակը կարելի է էապես ընդլայնել համայնքներում քաղաքաշինական նորմերի, անշարժ գույքի կառուցապատման կանոնների ու կառավարման բարելավման շնորհիվ: Եթե մի քանի բառով ավելի հասկանալի ասելու լինեմ, ապա պետք է հստակ օրինակ բերեմ վերջին 2-3 տարիների մեր գործունեությունը` կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: Հիմա չկա Հայաստանում որևէ ապրանք արտադրող, որը շատ թե քիչ մրցունակ է և խնդիրներ ունի այդ ապրանքն իրացնելու հարցում: Իհարկե, եթե մենք ունենք հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ և ոչ որակյալ արտադրանք, ապա դա որոշակի դժվարություններ իրենից ներկայացնում է, բայց հարցրեք՝ որևէ խոշոր արտադրող ունի՞ խնդիր իրացման հետ: Չկա նման դեպք: Մենք այդ մեծ արժեշղթայի մի մասն ենք դարձել. մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մաս, և այս հնարավորություններից մենք պետք է օգտվենք: Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք նաև մի ձեռնարկություն, որը պետք է փորձի միավորել այդ մանր գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները՝ նախօրոք պայմանավորվելով ու նրանցից գնելով նրանց արտադրանքն ու ընդհանուր բրենդի տակ արտահանելու դեպի այլ շուկաներ:

Հուսով եմ, որ Կենտրոնական բանկի ներկայացրած հնարավոր ֆինանսական գործիքները ձեզ նոր նախաձեռնություններ մշակելու և ներկայացնելու առիթ կտան: Դրական օրինակները կարող են լավ իմաստով վարակիչ լինել: Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերապատրաստման ծրագրեր՝ նորարարական ֆինանսավորման մոտեցումները համայնքներին ներկայացնելու և դրանց միջոցով նոր որակի համայնքային զարգացման ծրագրեր իրագործելու համար:

Այս առիթով, պարո՛ն Ջավադյան, ես կարծում եմ՝ մենք պետք է լինենք նախաձեռնողական՝ հասկանալով հանդերձ համայնքների ղեկավարների, հատկապես մեր բնակչության, այսպես ասած, կանխակալ, բայց ոչ արդարացի կարծիքը բանկային համակարգի նկատմամբ: Այսօր մենք ունենք բավականաչափ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տանելի տոկոսադրույքներով ներգրավել միջոցներ և այդ միջոցներն օգտագործելով՝ տարվա վերջին կամ տարիների ընթացքում ստանալ բավականաչափ շահույթ:
Այնուամենայնիվ, նախաձեռնողը պետք է լինի համայնքը: Նախաձեռնողականության և հստակ ծրագրերի առկայության դեպքում կենտրոնական բանկը կարող է սկզբնական շրջանում խորհրդատվություն մատուցել ծրագրերը ներդրողներին ներկայանալի դարձնելու համար: Համայնքներն իրենք պետք է առաջին հերթին ձգտեն ստեղծել համապատասխան կարողություններ: Այստեղ մենք, իհարկե, հենվելու ենք լավագույն միջազգային փորձի վրա՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ միջազգային կառույցներին:
Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստան աշխարհի մանրակերտն է, որի կարողությունները չպետք է զիջեն երկրում արձանագրված ընդհանուր միջին մակարդակին: Ուստի, մենք պետք է նաև ձևավորենք նոր ճկուն մեխանիզմներ համայնքների կենսագործունեության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ստեղծելու միջոցով:

Ընդհանուր առմամբ, մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման միավորների և գործադիր իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք նախարարությունների միջև գոյություն ունի խզում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շահագրգիռ կողմերն ամեն կերպ խուսափում են առկա հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները քննարկելու հնարավորությունից` նույնիսկ քննարկելու հնարավորությունից:

Սա լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Բոլոր ծրագրերի մշակման և իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն և կարտացոլեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու կարևոր նախապայմաններից մեկը տարածքային կառավարման արդյունավետ համակարգի զարգացումն է: Անհրաժեշտ է գիտակցել, որ տարածքային կառավարման հարաբերությունները վերանայելու կարիք կա, որը բխում է սահմանադրական նոր իրողություններից: Անցնելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ մենք պետք է նորովի վերաիմաստավորենք պետական կառավարումը մարզերում, նոր օրենսդրական կարգավորումներ ստեղծենք և հետևենք դրանց պրակտիկ իրականացմանը:
Այստեղ կարևոր դերակատարություն պետք է ստանձնեն մարզպետները՝ հաղթահարելով դիտորդի և կառավարությունից համայնքների ղեկավարներին ինչ-ինչ հորդորներ և ուղերձներ փոխանցողի, պարզապես պասիվ համակարգողի կամ զուտ տեղական կառավարչի դերը:

Մարզպետները պետք է կարողանան հմտորեն օգտվել կառավարության ստեղծած բազմաթիվ հնարավորություններից: Պետք է նաև ընդլայնել առկա գործիքակազմը և էապես ավելացնել մարզերի տնտեսական զարգացման ու համայնքների աջակցման գործառույթները, ինչպես նաև դրանք իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան կարողությունները:

Համայնքների կարողությունների զարգացումը հնարավոր է միայն համագործակցային և նպատակային աշխատանքի պարագայում: Այո, պետք է ձգտել, երազել, մշակել ծրագրեր և իրականացնել:

Սակայն տեսնենք, թե ինչպիսին է իրականությունը: Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի և բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու և իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք և ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է և ոչ կառավարության: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել:

Ակնկալում եմ, որ ելույթների ընթացքում նաև այս իրողության մասին պետք է խոսել՝ հասկանանք, տեսնենք, թե պատճառն ինչ է: Մեզ օդի պես անհրաժեշտ են հաջողված պատմություններ: Հասկանու՞մ եք, դրանք շատ լավ օրինակներ են: Եթե մենք ամեն մարզում ունենանք 5, 7, 10 հաջողված ծրագրեր, հավատացեք, որ հաջորդ տարի, դրանից հետո մյուս տարի կրկնապատկվելու, եռապատկվելու են:
Համայնքների համար խիստ կարևոր է առաջիկայում համայնքի տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների խնդիրների լուծումը: Տեղյակ եմ, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուների նշանակման գործընթաց: Սա, ամենայն հավանականությամբ, որպես գաղափար լավ է, բայց դա չի նշանակում, որ համայնքի ղեկավարներն պետք է իրենցից թոթափեն ամբողջ պատասխանատվությունը: Հասկանալի է, որ մասնավորի հետ մենք կարող ենք առանձին աշխատել և կաշխատենք հաճույքով, բայց համայնքների զարգացման ծրագրերը պետք է ծնվեն առաջին հերթին համայնքապետի նախաձեռնությամբ: Որոշ համայնքներում նրանք արդեն իսկ նշանակվել են` նկատի ունեմ զարգացման պատասխանատուները։ Ակնհայտ է, որ այդ պատասխանատուները պետք է մարզպետարանների զարգացման և աջակցման գործառույթներ ունեցող ստորաբաժանումների համատեղ աշխատանքի շարժիչը դառնան։ Բայց նորից եմ կրկնում, ի վերջո, մարզի զարգացման համար պատասխանատուն այս առումով, իհարկե, մարզպետն է, համայնքի համար՝ համայնքապետը:

Հայաստանի գյուղական բնակավայրերի մեծ մասը՝ 60 տոկոսը և ավելին, գտնվում է քաղաքների ազդեցության գոտում: Մեր գյուղական բնակչության մեծ մասը բնակվում է Երևանի, Վանաձորի և Գյումրու մերձակա գյուղերում:
Ցավոք, մայրաքաղաքից հեռու գտնվող տարածաշրջանների բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց: Դա գլխավորապես պայմանավորված է գործարար ակտիվության դեռևս ցածր մակարդակով, աշխատատեղերի սակավությամբ և սոցիալական ենթակառուցվածքների անբավարար վիճակով: Ասածս չի նշանակում, որ Գյումրիում կամ Վանաձորում սոցիալական խնդիրները նորմալ լուծված են, և մարդկանց սոցիալական վիճակը լավ է: Ասածս ընդամենը մի բան է նշանակում, որ Վանաձորից, Գյումրիից դուրս վիճակն ավելի ծանր է: Բայց մի հանգամանք էլ կա, որ ուզում եմ, եթե որևէ մեկը պատասխան կունենա, այս ամբիոնից հնչեցնի: Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդկանց հետ: Սա, իհարկե, մեր խնդիրն էլ է, բայց առաջին հերթին ձեր խնդիրն է: Մենք աշխատանքներ ենք տանում այդ տարածաշրջաններում առանձնակի ոլորտային զարգացման կենտրոններ ձևավորելու ուղղությամբ: Այսօր արդեն Գյումրին, Վանաձորը, Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը և մի շարք այլ քաղաքներ կատարում են նման կարևոր դեր: Այս առումով պարոն Լոքյանի հնարած տերմինն ասեմ՝ «բևեռային» քաղաքները պետք է որոշակի առաջատար դերակատարում ստանձնեն նաև իրենց շրջակայքում և պայմանական ազդեցության գոտում գտնվող համայնքների համար: Մենք իհարկե, այսպիսի տերմիններ օրենսդրությամբ չենք ամրագրելու, քաղաքները չենք դասելու առաջնայինի, երկրորդայինի, երկրորդականի, չգիտեմ, կենտրոնականի, հարավային մայրաքաղաքի, հյուսիսային մայրաքաղաքի, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն քաղաքներում, որտեղ կա ներուժ, այդ ներուժից օգտվեն նաև քաղաքի շուրջ եղած գյուղական համայնքները: Այսինքն` Ջերմուկի կամ Ծաղկաձորի առողջարաններում ոչ թե պետք է գնան Աշտարակից թթվասեր գնեն, հավկիթ կամ միս, այլ` այդ գյուղերից: Ընդ որում, նրանք էլ պարտավոր են այդ գյուղերին որոշակի զարգացման ծրագրեր, հնարավորություններ ընձեռել, որպեսզի տվյալ համայնքի գյուղացիները կարողանան այդ արտադրանքը ունենալ:
Տարածքային համաչափ զարգացման նախապատրաստական գործընթացը մենք ավարտել ենք՝ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության, մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների և 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրերի ընդունմամբ: Ամրագրել ենք հետևյալ կոնկրետ ցուցանիշները:

Առաջինը, 2025 թվականի դրությամբ, առանձին վերցրած, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելին, քան 30%-ը. խնդիրը հետևյալում է, որ այնպես պետք է անենք, որպեսզի եկամուտները բաշխվեն հնարավորինս համաչափ, և մարդիկ առանց այդ էլ մեր փոքր ՀՆԱ ունենալու պարագայում չլինեն մեկը հատակին մոտ, մյուսը` գագաթին:

Երկրորդը, 2025 թվականի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ: Ես հասկանում եմ, որ կլինեն թերահավատներ, շատերը կասեն՝ մեր գյուղից գնում են, հատկապես բարձրագույն կրթություն ունեցողները, բայց կան մեխանիզմներ, կան գործիքներ, որոնցով կարելի է իրավիճակը բերել մեզ համար ցանկալի իրավիճակի:

Եվրամիության մասնագետների գնահատմամբ պատրաստվել են որակյալ փաստաթղթեր։ Սակայն, ռազմավարությունները կյանքի կոչելու համար կարևոր է, որպեսզի համայնքներում հստակորեն վարվեն նվազագույնը երկու ռեգիստր՝ գյուղատնտեսության և շինարարության։ Նշված ռեգիստրները ցույց կտան առաջին հերթին համայնքի, հետո՝ մարզի տնտեսական աճի տեմպերը։ Ես այստեղ ուզում եմ մի խնդրի վրա էլ ուշադրություն դարձնել և հասկանալ ինքս ինձ համար: Ինչո՞ւ մեր տնտեսությունները միշտ փորձում են իրենց եկամուտները ավելի ցածր ցույց տալ: Ինչու՞ գյուղացիները փորձում են ավելի քիչ բերքատվություն ցույց տալ, ի՞նչն է պատճառը: Միևնույնն է չի հարկվում, որևէ մեկը չի գալիս այդ մարդկանց ասում` եթե դու ավելի շատ բերք ես ստացել, չգիտեմ, ինչ-որ բան պիտի անես դրա հետ: Սա վատ երևույթ է: Վատ երևույթ է, որովհետև խանգարում է պլանավորմանը, որովհետև նաև այլ շղթայի այլ օղակներ ճիշտ չեն կարողանում կազմակերպել իրենց աշխատանքը: Ի՞նչն է խանգարում: Եթե մարդը հինգ անասուն ունի, ինչու՞ է ասում, որ երեքն ունեմ: Ի՞նչն է պատճառը, ո՞վ է գալու իրենից դա խլի: Բայց նաև շատ պարագաներում հակառակն է լինում: Համայնքապետը առանց որևէ հաշվարկի վերցնում թիվ է գրում, ուղարկում է մարզպետարան: Ասում է` հաշվետվություն տվեք, որ մենք այսքան պտուղ ենք ունեցել կամ այսքան բանջարեղեն ենք ունեցել: Երկուսն էլ շատ վատ երևույթ են: Նայում ենք, ենթադրենք, շինարարության թվերին, բայց չէ՞ որ մենք պարբերաբար, ես էլ, նախարարներն էլ, վարչապետն էլ շրջում ենք Հանրապետությունով մեկ, այցելում ենք տարբեր բնակավայրեր, ուրախանում ենք, որ տարբեր գյուղերում շինարարություն է ընթանում, մեկ էլ տեսնում ենք` զրո, չկա շինարարություն: Ես կարծում եմ` այստեղ պատճառներից մեկն էլ այն է, որ շատ պարագաներում թղթաբանություն չի արվում: Բայց մեկ է` վաղ թե ուշ մեկը գալու է ասի` լավ, բա ու՞ր է քո շինթույլտվությունը: Ավելի լավ չէ՞, որ այն գլխից ճիշտն անենք և այդ հաշվետվությունն էլ տանք, քան երեք տարի, հինգ տարի հետո գան տեսնեն, օրինակ, մի արտադրական ձեռնարկություն գյուղում գործում է, բայց որևէ տեղ գրանցված չէ:

Այսօր, ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ համայնքներից տրամադրվում է հիմնականում ոչ լիարժեք տեղեկատվություն, որն էլ դժվարացնում է զարգացման արդյունավետ թիրախային ծրագրերի մշակումը պետական մակարդակում։ Այս խնդիրը պետք է արագ լուծել, իհարկե, կառավարության համապատասխան օղակների ներգրավմամբ։ Պետք է լիարժեքորեն հաշվառվեն նոր այգիները, ջերմոցները, շինարարական օբյեկտները և այլն։ Ես մեկ այլ օրինակ էլ եմ ուզում բերել: Մենք արդեն ունենք ընկերություններ, որոնք պայմանագրեր ունեն մեծ առևտրային ցանցերի հետ: Դրանք շատ կոշտ պայմանագրեր են, ինչպես առևտրային ցանցերի համար, այնպես էլ արտահանող ընկերությունների: Երբ արտահանող ընկերությունը որոշակի քանակներ է ամրագրում այդ պայմանագրի մեջ` ուզած-չուզած որտեղից ուզում է պիտի ապրանքը մատակարարի, հակառակ պարագայում` պետք է տուգանքներ վճարի: Եվ այստեղ պլանավորումը չափազանց կարևոր է. եթե փոքր թիվ են գրում, որքան էլ շատ լինի արտադրանքը, չեն կարողանալու ամբողջովին մթերել, տանել, իսկ եթե շատ գրեն արտադրանքը, իրականում քիչ լինի, ուրիշ պրոբլեմի առջև են կանգնում:

Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ այս շղթայում մեկի պրոբլեմը դառնում է մյուսի պրոբլեմը, այդպես չէ, որ ես արտադրեցի, վերջացավ, գնաց: Կա հաջորդ օրինակը. մթերողները գնում են, որպեսզի մթերեն, մարդիկ սկզբից մի գին են ասում, հետո, երբ տեսնում են մթերվում է, երկրորդ գինն են ասում: Այդ մոտեցումն անհասկանալի է: Արտադրողը պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում և չնայի, թե Մոսկվայում խանութում այդ ապրանքը ինչ գնով է վաճառվում: Մեզնից ոչ մեկը մինչև վերջ չի կարող հասկանալ, թե ինչպիսի ծախսեր են արվում, որ այդ արտադրանքը այդքանով է այնտեղ վաճառվում: Այսինքն, եթե իմ ծիրանն արժե, չգիտեմ, 400 դրամ, և դա ինձ համար շահավետ է, ուրեմն, ինձ համար միևնույնը պետք է լինի, թե այդ ծիրանը Մոսկվայում 10 դոլարով է վաճառվում:

Ուսումնասիրությունների նախնական տվյալները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում գրանցված է 20,214 հեկտար պտղատու այգի, մինչդեռ ուղղակի փաստացի հաշվառումը, որ ես վստահ եմ, ստույգ չէ, ցույց է տվել մեկ այլ թիվ՝ գրեթե 25,000 հեկտար։ Այսինքն՝ 5000-ի տարբերություն: Սա էական հանգամանք է: Միայն Արագածոտնում գրեթե 1000 հեկտար չգրանցված է: Լավ, ով է գալու խլի: Ես հասկանում եմ, որ այնտեղ որոշակի թեթև ծախսեր են առաջանում, բայց մեկ է` վաղ, թե ուշ մեկը գալու է և հարցնի, ուստի հենց սկզբից պետք է ճիշտ վարվել: Հատկապես մեծ այգիներ աճեցնողները այնպես չէ, որ շատ մեծ կարիքների մեջ են: Ակնհայտ է, որ հողօգտագործողները խուսափում են այգիների գրանցումից հողի հարկի ավելի բարձր դրույքաչափի և կադաստրային գրանցման վճարների պատճառով։ Բայց ինչպես ասացի՝ այս հանգամանքը շատ բացասական ազդեցություն է ունենում: Ի վերջո նորից եմ կրկնում՝ մեկ է, հիմա չլինի, վեց ամիս հետո լինի, վեց ամիս հետո չէ, մեկ տարի հետո են գալու և հարցնեն: 2017 թվականին բազմաթիվ են այդպիսի փաստերը, որ մարդիկ ստիպված են լինում նաև զուգահեռ տուգանքներ վճարել:

Համայնքների կարևորագույն գործառույթներից են նաև աղբահանությունն ու սանիտարական մաքրումը, որոնք նույնպես հաճախ ոչ լիարժեք են իրականացվում։ Այս ծառայությունները շուրջ 60 տոկոսի չափով ֆինանսավորվում են համայնքներին տրամադրված դոտացիոն միջոցների հաշվին, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավաքագրումները հասնում են մոտ 40 տոկոսի։ Ես չմանրամասնեմ այս հարցը: Կարծում եմ՝ կամ քննարկվել է, կամ այս հարցը պետք է շատ խստորեն քննարկել: Եվ պետք չէ, որպեսզի մենք, այսպես ասած, լավություն անենք մարդկանց՝ ի հաշիվ մեր զարգացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ համայնքապետները մտածում են, որ վաղը, մյուս օրը ընտրություն է լինելու, չգիտեմ, որոշակի խնդիրներ և այլն: Հավատացեք, երբ մենք թուլություն ենք ցուցաբերում և, այսպես ասած, երկուսին լավություն ենք անում, չենք ուզում իրեն պարտադրել, որ իր հարկերը վճարի, ամեն ինչից բացի, դա հենց բացասաբար է անդրադառնում ընտրությունների վրա, որովհետև մնացածներն էլ տեսնում են, որ անարդարություն կա: Այդ մնացածներն էլ ընդհակառակը՝ դեմ են քվեարկում և ոչ թե կողմ:

Ակնհայտ է, որ մեր համայնքները սկսել են աղբահանության սխեմաների կազմումը, աղբավայրերի փակումը, աղբահանման մեքենաների ձեռքբերումը, բայց դեռևս շատ լուրջ անելիքներ կան։ Աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրների լուծումը կնպաստի, իհարկե, տարածքներում զբոսաշրջության խթանմանը, բնապահպանական և մի շարք այլ խնդիրների լուծմանը՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը: Պետք է կարողանանք նաև խոշոր աղբավայրերին կից զարգացնել կանաչ էներգետիկայի ստեղծման ներդրումային ծրագրեր:

Արդեն նշել եմ, որ համայնքները, ծրագրեր իրականացնելու նպատակով, աստիճանաբար պետք է առանձնացնեն գումարներ և պետական բյուջեից ստանան «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով հավելյալ միջոցներ։ Սա պետք է դառնա համայնքի հիմնական շարժառիթը սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումն ապահովելու համար։ Այս նպատակով կառավարությունը պետք է ներդնի ֆինանսական խթանների կիրառման լավագույն մեխանիզմը: Եվ գնալով, անընդունելի է դառնում, երբ մարզպետները, համայնքապետները ասում են` այս տարի մենք 5 տոկոս ավելի շատ հավաքեցինք, քան նախորդ տարի, բայց հասկանալի չէ, թե բազան ինչպիսին է, որովհետև մարզ կա, որ շատ ավելին է հավաքում և դժվարանում է մեծ աճ տալ: Իսկ մարզ կա, որտեղ բազան շատ ցածր է` 10 տոկոս աճ է տալիս, մենք պիտի ասենք` շնորհակալությու՞ն: Այդ ամբողջ բազան պետք է ուսումնասիրվի: Ուսումնասիրվի և չափանիշներ դրվի: Մենք ամեն անգամ ավելացնում ենք պետության կողմից տրվող լրացուցիչ միջոցները, դոտացիաները, բայց պետք է նաև դիմացինի կողմից քայլ լինի: Եթե դա չլինի` մեկ է, մենք չենք կարողանալու լուրջ ծրագրեր իրականացնել:

Ամուր տեղական ինքնակառավարումը և անկախ դատական իշխանությունը, թերևս, ամենակարևոր քննություններն են, որ մենք հանձնում ենք՝ որպես պետականություն կերտող ժողովուրդ: Հենց այդ քննությունները հաջողությամբ հանձնելուց է կախված մեր երկրի ապագան:

Սա մեր պետությունն է, մեր ընդհանրական պատասխանատվությունը, ուստի մեղքն ուրիշի վրա բարդելու առիթ և արդարացում չպետք է փնտրենք: Ժողովրդավարություն հասկացությունն անիմաստ է առանց կայացած տեղական ինքնակառավարման: Սա է իսկապես կարևոր դարձնում այս քննությունը մեր հասարակության և պետության համար:

Մենք կարող ենք և պարտավոր ենք միասին ու պատվով հանձնել այս քննությունը, բայց որպեսզի կարողանանք դա անել, ուղղակի պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը մեր պարտականությունների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:

Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երևույթներ լինեն, որևէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք այո, ապա ես ասում եմ հետևյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում ևս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որևէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են, հատկապես, որ արդեն ես տեղեկացել եմ պարոն Լոքյանից, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխատավարձի հետ կապված:

Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 

← Վերադառնալ