11
06, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիեննայի քաղաքապետարանում

 


Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում է եվրոպական քաղաքակրթության զարկերակ: Հիրավի, Վիեննան այն եզակի քաղաքներից է, որտեղ լավագույնս ներդաշնակվում են անցյալն ու ներկան, ավանդույթն ու առաջընթացը: Քաղաք, որն ամփոփում է կայսերական դարաշրջանի անջնջելի դրոշմը, միևնույն ժամանակ աչքի ընկնում՝ իր ներդաշնակությամբ, նրբաճաշակությամբ ու մարդասիրությամբ:

Այսօր հնարավորություն ունեմ նաև այստեղ վայելելու Ձեր մայրաքաղաքի հարուստ պատմության վկան հանդիսացող գոթական ոճի այս կառույցի անկրկնելի ճարտարապետությունը:

Եվ վերջապես, հարգելի պարոն քաղաքապետ, այսօր պատիվ ունեմ հանդիպելու ի դեմս Ձեզ՝ հմուտ և փորձառու քաղաքական գործչի, ում երկարամյա իմաստուն ղեկավարությամբ վերջին 20 տարիների ընթացքում Վիեննան շարունակել է ծաղկել՝ պահպանելով և ամրապնդելով իր առաջատար դիրքերն աշխարհի լավագույն քաղաքների շարքում։

Այս ամենին միահյուսվում է այն փաստի գիտակցումը, որ քաղաքակրթությունների այս խաչմերուկում՝ Վիեննայում, ամեն քայլափոխի հանդիպող պատմամշակութային ժառանգության կողքին, զգում ես նաև հայկական ներկայությունը՝ եկեղեցիների, կրթամշակութային հաստատությունների ու հուշակոթողների տեսքով, ինչը, կարծում եմ, վիեննական մշակույթին հաղորդում է յուրօրինակ երանգ:

Անգնահատելի է Վիեննայի գողտրիկ անկյուններից մեկում հանգրվանած Մխիթարյան միաբանության դերը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների պահպանման գործում: Իսկ Վիեննայի կենտրոնում՝ Հայկական հրապարակում, Ֆրանս Վերֆելի արձանը միջազգային այս քաղաքը դարձնում է մեզ համար էլ ավելի հարազատ:

Ուրախ եմ, որ որպես մեր կապերի շարունակականության խորհրդանիշ՝ այսօր Վիեննայում մասնակցելու ենք ևս մեկ հայկական կառույցի՝ «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը, և ուզում եմ այս առիթով Ձեզ շնորհակալական խոսք ասել:

Մշակութային երկխոսության զարգացման գործում մենք տեսնում ենք անձամբ Ձեր և Վիեննայի քաղաքապետարանի դերակատարությունը, որի համար մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, քաղաքապետարանի ողջ անձնակազմին: Եվ լիահույս եմ, որ Ձեզ հետ մեր համագործակցությունը կլինի շարունակական, և Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կշարունակեն ծառայել Երևանի և Վիեննայի միջև համագործակցության ընդլայնմանը:

Իսկ այդ համագործակցության համար մենք արդեն ունենք դրական օրինակներ: Շուրջ 8 տարի է, ինչ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Վիեննայի 4-րդ թաղամասի միջև հաստատվել են բարեկամական կապեր: Տարիներ առաջ Ձեր հովանավորությամբ Երևանում անցկացվել է «Վիեննան ողջունում է Երևանին» խորագիրը կրող հայ-ավստրիական առաջին երաժշտական փառատոնը, իսկ դրանից մեկ տարի անց` 2-րդը՝ նվիրված Ռոբերտ Շումանի 200-ամյակին և Գուստավ Մալլերի 150-ամյակին:

Համոզված եմ, որ համագործակցության հիշյալ հաջողված օրինակները լավ նախադրյալ են ստեղծում ապակենտրոնացված մակարդակով ինչպես մեր մայրաքաղաքների, այնպես էլ այլ վարչատարածքային միավորների միջև փոխգործակցություն ծավալելու համար: Այսօր քաղաքները մեծ դեր ունեն երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում, և հանրային դիվանագիտությունը գնալով ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում երկկողմ հարաբերություններում:

Վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև կա համագործակցության մեծ ներուժ և ուզում եմ վստահություն հայտնել, պարո՛ն քաղաքապետ, որ ապագայում ևս Վիեննան իր հնարավորությունները կներդնի տարբեր տարածաշրջաններում եղած կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործում: Եվ , անշուշտ, շնորհակալ եմ անցած տարվա վերջին այդպիսի հնարավորություն ընձեռելու համար ինձ և Ադրբեջանի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ վարելու ուղղությամբ:

Ես բազմաթիվ անգամ եմ հյուրընկալվել Ավստրիայում և ամեն անգամ հայրենիք վերադառնալիս ինձ հետ տանում եմ բազմաթիվ տպավորություններ: Եվ բնական է, որ ամենահարուստ տպավորությունները տանում եմ Վիեննայից: Վիեննայում մի տեսակ հպարտություն ես զգում մարդկային այն տեսակի կատարած գործերի համար, որն իր ջանքերն ուղղում է ապագա սերնդին՝ ավելի բարեկեցիկ և ավելի քաղաքակիրթ ապրելու պայմաններ ստեղծելու համար:

Շնորհակալություն:

← Վերադառնալ