06
03, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում

 


Մեծարգո Նախագա՛հ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ միանում եմ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի և Իռլանդական Ֆիննա Գաել կուսակցության հասցեին հնչած երախտագիտության խոսքերին` գագաթնաժողովի փայլուն կազմակերպման և հրաշալի հյուրընկալության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր առաջին անգամն է, որ ԵԺԿ գագաթնաժողովն անցկացվում է առանց երջանկահիշատակ Վիլֆրիդ Մարտենսի: Նա բացառիկ ավանդ ունեցավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի հիմնադրման և կայացման գործում, առաջնորդեց այն բազմաթիվ հաղթանակների ճանապարհով: Վստահ ենք, որ Նախագահ Դոլի փորձառու ղեկավարությամբ ԵԺԿ ընտանիքը կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:

Մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարևոր հանգրվան են Եվրոպայի քաղաքական կյանքում: Համոզված եմ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կրկին կարժանանա եվրոպացիների բարձր վստահությանը և կշարունակի մնալ Եվրոպայի առաջընթացի շարժիչ ուժը, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը: ԵԺԿ-ի հաղթանակը թույլ կտա նոր եռանդով լծվել խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա կառուցելու կարևոր գործին:

Պարո՛ն Նախագահ,

Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարհում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում:

Պարո՛ն Նախագահ,

Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

← Վերադառնալ