19
06, 2021

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:

Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին՝ անթույլատրելի համարելով գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը:

Նախագահ Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակության ժառանգության հետագա ճակատագրի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերում հայկական կողմն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-իտալական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Իտալիայի Սենատի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը:

← Վերադառնալ