Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին եւ Կարին Հովհաննիսյանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը եւ ասել. «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլեւ հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:
Կարին Հովհաննիսյանը ներկայացրել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նա ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլ նաեւ դառնալու տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու նրանց առաջ մղելու եւ խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ:
Նշելով, որ արվեստը ամենազորավոր եւ ռազմավարական առումով ամենահեշտ եւ դյուրին ճանապարհ հարթող ուժն է՝ հիմնադրամի խորհրդի անդամներն ասել են, որ «Ստեղծարար Հայաստանը» նպատակ ունի դառնալ ամենադինամիկ եւ արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները եւ պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը: