Մամուլի հաղորդագրություններ
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը:
Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Զեկույցից առաջ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու և գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի հիմնադիր ՀՀ կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, ըստ նախարարի, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել և իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:
Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունը ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:
Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների և զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համակարծիք լինելով Հանրապետության Նախագահի հետ, որ այս նախաձեռնությունն անչափ կարևոր է և ծառայում է նպատակին:
Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր և հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում ՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան՝ նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող և այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:
«Անցնելու է ևս 15 տարի, 20 տարի ու այն ժամանակ և՛ ուշադրությունն է շատ լինելու, և՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, և դա հրապարակումներից էլ է երևում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել:
Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ և ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակության կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա: Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը: