Մամուլի հաղորդագրություններ
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:
Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը:
Ողջունելով գործընկերոջը Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Մոլդովայի նախագահը ցանկալի հյուր է մեր երկրում և բարձր է գնահատել նրա պաշտոնական այցը, որը կայանում է Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում:
«Դա շատ լավ առիթ է վերլուծելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս 25 տարիների ընթացքում և նախանշելու հեռանկարները: Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա: Ես ուղղակի վստահ եմ, որ Ձեր այցը շատ լավ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների ակտիվացման համար: Մենք դրանում շահագրգռված ենք: Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ: Մենք փոխգործակցության որևէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Բարով եք եկել: Ես շատ ուրախ եմ, որ Դուք Երևանում եք: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է, և հուսով եմ, որ նման այցեր կլինեն ամեն տարի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար և իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:
«Այս ընթացքում չի եղել ո՛չ աշխատանքային, ո՛չ պաշտոնական այց, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով մեր պատմական ընդհանուր կապերը, ընդհանուր շահերը և՛ ԱՊՀ շրջանակներում, և՛ ԱՊՀ տարածքում նոր ինտեգրացիոն նախագծերում, ես որոշում եմ կայացրել գալ: Այս այցին մենք, անկասկած, մեծ ուշադրություն ենք հատկացնում: Այո՛, 25 տարիների ընթացքում մենք շատ համաձայնագրեր ենք ստորագրել: Ունենք տասնհինգ համաձայնագիր, ևս յոթը այժմ պատրաստվում են: Մենք խոսելու բան ունենք, կան որոշակի արդյունքներ, կան, իհարկե, հեռանկարներ: Մեզ հետաքրքրում է, և ես հույս ունեմ շատ մանրակրկիտ Ձեզ հետ քննարկել ձեր աշխատանքի փորձը ԵԱՏՄ շրջանակներում: Գիտեմ, որ մոտակա ժամանակներս ծրագրում եք ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության մասին համաձայնագիր: Կարծում եմ, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան և Հայաստանը, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալու բոլորի հետ՝ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի: Մեզ համար՝ Մոլդովայի, ինչպես երբևէ, արդիական է հենց ձեր փորձը՝ և՛ ԵԱՏՄ-ում գտնվելու, և՛ ԵՄ-ի հետ համաձայնագրի:
Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ դիտորդ դառնալու մեր դիրքորոշմանն աջակցության համար: Մենք այս առիթով մեկ անգամ չէ որ շփվել ենք: Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ այսուհետ ևս միասին կաշխատենք այս ուղղությամբ:
Դուք գիտեք, որ Մոլդովայում հայկական համայնք կա, որի հետ մենք լավ համագործակցում ենք, որը Մոլդովայում է ապրում ոչ մեկ տասնամյակ և իրեն արդեն զգում է ինչպես տանը:
Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որ առաջին անգամ շատ լուրջ քայլ է արվել երկկողմ հարաբերությունները խորացնելու համար՝ նկատի ունեմ Հայաստանի դեսպանության բացումը Քիշնևում անցած տարվա վերջին: Եվ այս տարի մենք շատ ակտիվ սկսեցինք համագործակցել դեսպանի հետ, ում Դուք նշանակել եք Մոլդովայում: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դուրս ենք գալիս մեր երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի»,- ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: