Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք:
Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի ծրագրի ներդրման հիմնական արդյունքներն ու ֆինանսական ցուցանիշները, ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության եզրակացությունները:
Մինչ այդ Հանրապետության Նախագահն իր մոտեցումներն ու դիտարկումներն է ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ և տվել համապատասխան հանձնարարականներ:
«Ճանապարհային երթևեկության կարգավորման մասին մենք շատ ենք խոսել: Սա մշտական թեմա է, ուրեմն ուշադրությունն էլ անհրաժեշտ է, որ լինի մշտական: Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:
Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով:
Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել և երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը:
Իմ կարծիքով, այս պարագայում ես սա ասում եմ որպես քաղաքացի, Երևանը շահեկանորեն առանձնանում է տարածաշրջանի այլ խոշոր քաղաքներից` երթևեկության կանոնների պահպանմամբ: Իսկ սա հարմարավետության նույն այս ոլորտի հետ կապված առաջին պայմանն ու ցուցիչն է»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Օրակարգի շրջանակներում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է Հանրապետության Նախագահի հանձնարարությունների համաձայն ճանապարհային երթևեկության ոլորտում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին: Ֆելիքս Ցոլակյանը ի թիվս կատարված հանձնարարականների նշել է, որ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 2390-Ա հրամանով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ս.Հովհաննիսյանի նախագահությամբ ստեղծվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչի արդյունքում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես. միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում քննարկվել և փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում:
ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարումն ապահովելու, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացակարգերը կարգավորող օրենսդրական ակտերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ մի շարք օրենքների նախագծեր, որոնք քննարկվել ու լրամշակվել են ՀՀ արդարադատության նախարարի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և ընդունվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավական կարգավորում են ստացել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի (ծանուցման, վճարման, գանձման) առանձնահատկությունները, վարչական ակտերի հասցեատերերի փոփոխություն կատարելու կարգը՝ առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը բացառելու նպատակով, ներդրվել է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու ընթացակարգեր (2016 թվականի 10 ամիսների ընթացքում կիրառվել է 75.600 նախազգուշացում):
Ոստիկանության կայքի միջոցով ստեղծվել է հնարավորություն, որպեսզի անձը գրանցի իր էլեկտրոնային փոստը և որոշման կայացման պահին դրա մասին լրացուցիչ ծանուցումը ստանա էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև բողոքարկի այդ որոշումը էլեկտրոնային փոստի միջոցով:
Վարչական տուգանքների վճարումների գործընթացում վճարային կազմակերպությունների կողմից թերի կամ սխալ տվյալներով վճարումներն ընդունելու պրակտիկան բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծվել և ներդրվել է էլեկտրոնային ծրագիր, որը հնարավորություն է տալիս բանկերում և վճարային կազմակերպություններում վճարումներ կատարելիս, վարչական ակտի տվյալներն առցանց ստանալ ՃՈ-ից և կատարված վճարման վերաբերյալ հաղորդագրությունն առցանց ուղարկել ՃՈ: Համակարգը սկսվել է շահագործվել 2016 թվականի հուլիսի 15-ից և առ այսօր կատարելագործման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ:
Համակարգի շնորհիվ գրեթե իսպառ բացակայում են չնույնականացված վճարումները, հետևաբար նաև կրկնակի վճարումները: Նախատեսվում է նույնպիսի հնարավորություններ ստեղծել նաև Ճանապարհապարեկային ծառայության կողմից կազմված վարչական ակտերի վճարումների համար:
Խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԱ ոստիկանության պետը զեկուցել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ հետ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակի մասին, իսկ Երևանի քաղաքապետը ներկայացրել է «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ տարվող վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների ընթացիկ վիճակը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցել է վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրների և գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցումն ապահովելու համար քաղաքացիներին անվճար տեղեկացման մեխանիզմների ներդրման ընթացքի մասին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-երի կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցնող ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Մինչև տարեվերջ ավարտել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակումն ու ընդունումը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ: