06
05, 2016

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

ՀՀ Նախագահը և Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երևանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ զրույց են ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Սոցինտերնի գործունեությունը, որն աշխարհով մեկ միավորում է սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին և որի հռչակած արժեքներն ու քաղաքական նպատակները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն, Սերժ Սարգսյանի խոսքով, շատ արդիական են, և ցավոք, դրանց պակասն այսօր աշխարհում զգացվում է:

Լուիս Այալան իր գլխավորած կազմակերպության կողմից մտահոգություն է հայտնել ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ: Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահից հետաքրքրվել է իրավիճակի լարվածության աճի կապակցությամբ նրա տեսակետներով և Սոցինտերնի կողմից պատրաստակամություն հայտնել կազմակերպության հնարավորությունների շրջանակում նպաստելու երկխոսության, շփումների միջոցով հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը: Լուիս Այալան ներկայացրել է այդ նպատակին միտված իրենց առաջիկա ծրագրերը՝ համակարծիք լինելով ՀՀ Նախագահի հետ, որ որքան բաց ու անկեղծ լինեն հանդիպումներն ու քննարկումները և հստակ՝ արտահայտվող դիրքորոշումները, այնքան օգտակար կլինեն գործին:

Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել կազմակերպության անդամ ՀՅԴ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցության մասին, որը, նրա խոսքով, տարեցտարի ամրապնդվում է:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի համար կարևորագույն հարցերում միջազգային տարբեր հարթակներում և կառույցի անդամ կուսակցությունների երկրներում Սոցինտերնի շարունակական կառուցողական դիրքորոշումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի իրավիճակին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

← Վերադառնալ