15
04, 2016

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի պետին և ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի մասնակիցներին

 

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին և ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են Ռազմական կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերն ու վերջիններիս արդիականությունը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման գործում։ Մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Անդրադարձ է եղել Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցը, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ քայլերի մասին: Քննարկվել է Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանին առնչվող հարցեր:

← Վերադառնալ