Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
«Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Ձեր զեկույցում, պարո՛ն մարզպետ, խնդրում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այն համակարգային ծրագրերի իրականացման ընթացքին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարզի տնտեսության խոշոր ճյուղերի վրա: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում կցանկանայի տեսնել, թե ու՞ր ենք հասել Կապսի ջրամբարի վերականգնման նախապատրաստական աշխատանքներում և ինչպիսի՞ ինտենսիվությամբ ու արդյունավետությամբ են իրականացվում արոտավայրերի ջրարբիացման աշխատանքները:
Հատկապես Գյումրիի մասով կցանկանայի տեղեկանալ այն աշխատանքի մասին, որ կատարվում է ներդրողների հետ: Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք շատ արագ ճշտել բոլոր այն չօգտագործվող շինությունների, տարածքների ցանկը, որոնք հեշտությամբ կարող են դառնալ արտադրական շինություններ: Այսինքն` գույքագրել այդ ամբողջը, որովհետև ֆինանսների, ծրագրերի առկայության պայմաններում անթույլատրելի է այդպիսի շինությունների երկար փնտրտուքը, ինչը, բնական է, ավելի գրավիչ չի դարձնում ներդրողների համար, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ներդրումներ կատարեն:
Ինձ նաև հետաքրքրում է Գյումրիի փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքը: Մենք պատրաստ ենք այդտեղ հավելյալ ջանքեր ներդնելու: Նույնը վերաբերում է նաև կառուցված բնակարանների ճակատագրին: Ուզում եմ հասկանալ՝ այդ մեծաքանակ բնակարաններն ամբողջովին բնակեցվա՞ծ են, թե՞ ոչ, մարդիկ արդեն այդ գույքի սեփականատե՞ր են, թե՞ ոչ, որովհետև դրանից բխում է նաև հաջորդ հանգամանքը. դրա արդյունքում քաղաքից հանվե՞լ են, վերացվե՞լ են արդեն օգտագործման համար ոչ պիտանի տնակները, ինչը մի կողմից հնարավորություն կտա նոր շինարարության, մյուս կողմից էլ արտաքին տեսքի վրա մեծ ազդեցություն կունենա:
Կրթության, առողջապահության, սպորտի բնագավառներում բոլոր ծրագրերին, իհարկե, ես մանրամասն ծանոթ եմ, բայց այստեղ էլ երկու հանգամանք կցանկանայի շեշտել: Նախ՝ ինչպե՞ս է գործում հիվանդանոցը, և երկրորդ՝ ինչ նոր հնարավորություններ կարող ենք ստեղծել Շիրակի մարզիկների համար, որովհետև նրանց արդյունքները լավն են, փայլուն են, և մենք պարտավոր ենք բարելավելու նաև նրանց պայմանները:
Խնդրում եմ խոսեք նաև այն ծրագրերի, նախաձեռնությունների և խնդիրների մասին, որոնք այսօր ձեզ անհանգստացնում են»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Շիրակի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզպետի հետ համատեղ աջակցման գործուն միջոցներ ձեռնարկել մարզի գործարար միջավայրի զարգացման նպատակով «ԱրմՍվիսԲանկի» ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար՝ ակտիվորեն ներգրավվելով Բանկի ֆինանսական օժանդակության մեխանիզմով նախատեսված մարզային գործարար ծրագրերի մշակման ու Բանկին դրանց ներկայացման գործընթացում՝ համապատասխան ընկերությունների կարողությունների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման, արտահանման խրախուսման հստակ ու կանխատեսելի առաջնահերթություններից ելնելով: Միաժամանակ, քննարկել ֆինանսական օժանդակության այլ գործիքների կիրառման հնարավորությունը՝ վերոնշյալ եղանակով ընտրված գործարար ծրագրերի առաջմղման նպատակով:
Շիրակի մարզպետին հանձնարարվել է իրականացնել նշված գործարար ծրագրերի պահանջներին համապատասխանող արտադրական և այլ տարածքների գույքագրում՝ հավաքագրված տվյալները ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է Գյումրիում կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, «Թումո» կենտրոնի ընդլայնման և, միաժամանակ, պատմամշակութային հուշարձան հանդիսացող Գյումրիի նախկին ժողովրդական տան շենքի վերականգնման կարևորությունից ելնելով՝ միջոցներ ձեռնարկել «Սիմոնյան» հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ նախատեսված Գյումրիի կրթամշակութային «Թումո» նոր կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու և դրանից բխող իրավապայմանագրային գործընթացները շուտափույթ իրականացնելու ուղղությամբ:
Շիրակի մարզպետին հանձնարարվել է՝ Գյումրիի քաղաքապետին առաջարկել բացառել Գյումրի քաղաքի Շչորսի 1 հասցեում տեղակայված պատմամշակութային հուշարձան հանդիսացող նախկին ժողովրդական տան շենքի հարևանությամբ գտնվող զբոսայգու տարածքներում կառուցապատման կամ ժամանակավոր շինությունների տեղադրման աշխատանքները՝ նշված տարածքների երկարաժամկետ պահպանության իրավական լուծումները համաձայնեցնելով «Սիմոնյան» հիմնադրամի հետ:
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլին հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծում տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել մինչև տարեվերջ Գյումրի քաղաքում բնակարանների գնման վկայագրերի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքներին համապատասխան վկայագրերի հատկացման և Ախուրյան համայնքում կիսակառույց շենքերի շինարարության վերսկսման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների դպրոցական հաստատությունների և նրանց մարզադահլիճների, ինչպես նաև նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:
Մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման, բարձր լեռնային համայնքների հնարավոր բաժանորդների պահանջարկի բավարարման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է ՀՀ Շիրակի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները՝ հնարավոր բաժանորդների հստակ թվաքանակներից ելնելով համապատասխան տեխնիկատնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնելով ՀՀ կառավարություն և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ՝ ներդրումային առաջնահերթություններում հաշվի առնելու նկատառումով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզի անասնաբուծական մթերքի վերամշակման շղթայի կատարելագործման և սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Շիրակի մարզում ժամանակակից սպանդանոցների կառուցմանը համակողմանի աջակցության տրամադրման հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:
Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ՀՀ Շիրակի մարզում հակակարկտային համակարգերի ներազդման գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: