26
09, 2015

Հայտարարություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ:

Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։

Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա:

Հայաստանը բացել է դռները Սիրիայից և Իրաքից եկած հայերի առջև և ավելի քան 16 հազար փախստական ընդունել: Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու և հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում:

Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել և իրականացրել Սիրիայի և Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝

- խորապես մտահոգված լինելով Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով,
- շահագրգիռ լինելով այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմամբ,
- խստորեն դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ և մշակութային արժեքներ,
- գնահատելով նման վայրագությունները որպես մարդկության և քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ,
- գիտակցելով, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին՝

ԴԻՄՈՒՄ Է


• միջկառավարական և միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնող պետություններին` հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին և նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում,

• հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային և մասնավոր կառույցներին` այսուհետ ևս համակողմանի քայլեր ձեռնարկելու դյուրացնելու համար սիրիահայերի առջև ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում,

• համայնքային բոլոր կառույցներին, անհատներին` հնարավոր բոլոր միջոցներով սատարելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռևս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին:

Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ողջ հայ ազգի առջև ծառացած մարտահրավեր է, և այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է՝ համախմբել Հայաստանի և սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները` հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին:

Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետ ևս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված և օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու` որպես սրբազնագույն պարտք և պատասխանատվություն:
 

← Վերադառնալ