Մամուլի հաղորդագրություններ
Կայացել են հայ-ուրուգվայական բարձր մակարդակի բանակցությունները
Հուլիսի 9-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն:
Մինչ Նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի և Ուրուգվայի նախագահների, դրսևորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքով: Հանդիպմանը ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր:
Հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարևորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական շփումների անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ կապված առավել արդյունավետ աշխատանք իրականացնել: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2012թ. մայիսին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի և ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի նոյեմբերին կայացած այցերն ու Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար, մեր հայրենակցուհի Լիլիամ Քեշիշյանի՝ անցյալ տարի նոյեմբերին Երևան կատարած այցը:
Հայ-ուրուգվայական հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և ուրախությամբ փաստել, որ ՀՀ Նախագահի այցի շրջանակներում երկու երկրների իրավապայմանագրային բազան կհամալրվի մի քանի նոր կարևոր համաձայնագրերով:
Անդրադառնալով բազմակողմ համագործակցությանը՝ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Խոսե Մուխիկան կարևորել են արդյունավետ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը, անշուշտ, մեծապես նպաստում է Ուրուգվայի հայ համայնքը, որը պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն է հաստատել Ուրուգվայում և ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական, քաղաքական կյանքում և իր համեստ նպաստն է բերում բարեկամ Ուրուգվայի զարգացմանը:
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները կարևորել են նաև այն հանգամանքը, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Նախագահ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը կանգնել է արդարության պաշտպանի հարթակին` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ գործած այս ծանրագույն ոճրի ճանաչման և դատապարտման գործում Ուրուգվայը կատարել է, թերևս, ամենածանրակշիռ ներդրումը:
Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի և Ուրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն:
***
Ուրուգվայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ:
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ առանձնակի պատիվ է պետական այցով գտնվել Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ուրուգվայում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Երկուստեք մեծապես կարևորվել է միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը:
Զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին, որոնց ակտիվ գործունեությունը, փոխայցելություններն ու շփումները, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համոզմամբ, կարող են զգալիորեն ամրապնդել երկկողմ բարեկամությունը:
Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համոզվածություն են հայտնել, որ Հայաստանի Նախագահի պետական այցը Ուրուգվայ արգասաբեր կլինի, և առաջիկայում հայ-ուրուգվայական միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ավելի կհարստանա:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին սիրով ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը այցելելու Հայաստան՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Ուրուգվայի խորհրդարանում և Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին:
Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:
Պետական այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Ուրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ ՀՀ Նախագահին ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին:
Օրվա ավարտին ի պատիվ պետական այցով Ուրուգվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ուրուգվայական բարակամական հարաբերությունների պատմությանը, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում էական դերակատարություն ունեցող Ուրուգվայի հայ համայնքին, միջպետական հարաբերությունների զարգացման ներուժին և ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությանը: