Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը Հայաստանի հարավում մասնակցել է հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը:
Նախագահը շնորհավորել է ներկաներին զորամասի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել զինվորներին՝ լավ ծառայության համար:
«Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործողությունից է անմիջականորեն կախված մեր ժողովրդի ապահովությունը: Եվ այդպիսի ստորաբաժանումներից է, իհարկե, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ արցախյան ազատամարտի տարիներին ռազմական գործողություններին մասնակցած անձինք, անշուշտ, հիշում են, որ հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների փայլուն գործողությունների արդյունքում հակառակորդին չի հաջողվել էական վնաս հասցնել հայկական կողմին, իսկ մեր հակաօդային ուժերը կարողացել են զգալի վնաս հասցնել հակառակորդի օդուժին:
Հանրապետության ղեկավարի խոսքով, ժամանակակից պայմաններով և սպառազինությամբ հագեցած զորամասի բացումը խորհրդանշում է մեր բոլոր զորամասերի ապագան: