21
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը Հրանտ Վարդանյանին շնորհել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում

album picture
album picture
Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով "Գրանդ Հոլդինգ" ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:

Հրանտ Վարդանյանին հանձնելով առաջին անգամ շնորհվող պատվավոր կոչումը հավաստող շքանշանը` Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել "Գրանդ Հոլդինգի" նախագահի ակնառու վաստակը մեր երկրի տնտեսական առաջընթացի, տնտեսության ավանդական ճյուղերի վերակենդանացման եւ զարգացման, ինչպես նաեւ արտահանման խթանման ուղղությամբ: Հանրապետության Նախագահն ընդգծել է նաեւ գործարարի մեծ ներդրումը նոր աշխատատեղերի ստեղծման հարցում եւ բարձր գնահատել նրա մշտական ուշադրությունը երեխաների նկատմամբ:

"Գրանդ Հոլդինգ" ընկերության նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին նման բարձր կոչման համար` այն համարելով պարտավորեցնող եւ նոր եռանդով աշխատանքի մղող բարձր գնահատական: "Գրանդ Հոլդինգի" նախագահը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է նաեւ իր գործարար նախաձեռնությունների եւ առաջիկա ծրագրերի մասին:

← Վերադառնալ