06
04, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ


Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե՛ եվրոպական և թե՛ միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր և հաստատակամ աջակից։ Շնորհակալ եմ, տիկի՛ն կանցլեր, հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է: Այն ներառում է թե՛ բազմոլորտ երկկողմ հարաբերությունների շրջանակ, թե՛ փոխգործակցություն Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ և խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։

Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին:

Ես կանցլեր Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին: Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Դեռևս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը: Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաև, որպես վստահության ամրապնդման միջոց կամ կայունություն ապահովող միջոց, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին: Սակայն դրանք այդպես էլ չկենսագործվեցին. Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։

Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին ս.թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անտեսելով միջազգային հանրության՝ խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում։ Արդյունքում Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։

Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն:

Արդեն շուրջ երեսուն տարի` 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Նրանք միջազգային հանրությունից ակնկալում են միայն մեկ բան` իրենց այդ իրավունքի ճանաչում:

Այս մասին եմ պատմել տիկին կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը, անձամբ տիկին կանցլեր Ձեզ` Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար։ Դա կենսական է մեզ համար՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող ու հետևորդ ժողովուրդ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առևտրային գործընկերն է։ Օրեր անց Երևանում կկայանա Գերմանիայի տնտեսական միության ներկայացուցչության բացումը, ինչը վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին։ Տիկին Մերկելին ասացի, որ պատրաստ ենք հյուրընկալել գերմանացի գործարարներին Հայաստանում։

Օգտվելով առիթից՝ պետք է հատուկ նշեմ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Դրա ամենաթարմ օրինակն է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերված հետևողական օգնությունը:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ հայկական կողմը կանի հնարավորը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման: Հույս եմ հայտնում նաև, որ Գերմանիայի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Շնորհակալություն։

***

 

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի խոսքը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Տիկնայք և պարոնայք,

 

Ջերմորեն ողջունում եմ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Բեռլինում և Գերմանիայում:

Մենք վաղուց էինք պայմանավորվել այս հանդիպման շուրջ։ Խոսել ենք մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մասին, քննարկել ընդհանուր իրավիճակը: Մենք մի քանի անգամ արդեն հանդիպել ենք, և այսօր սրտանց ողջունում եմ Ձեզ Գերմանիայում:


Մենք, իհարկե, մտահոգված ենք տարածաշրջանում ներկայումս առկա իրավիճակի կապակցությամբ: Այդ առումով խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Նախագահն ինձ ներկայացրեց իր տեսակետը։

Ներկայումս Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ում, և, որպես ԵԱՀԿ նախագահող, ի դեմս ԱԳ դաշնային նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ցանկանում է օգնել Մինսկի խմբին, որը պատասխանատվություն է կրում այս հակամարտության կարգավորման համար, և կառուցողական դեր խաղալ:

Այդ նպատակով նշանակված է հատուկ բանագնաց` Կասպրչիկը, ով այժմ պատասխանատու է դրա համար և ձգտում է կանխել լարվածության սրումը և կողմերին բերել շտապ զինադադարի, ինչպես նաև հնարավորինս առաջ մղել համակողմանի բանակցային գործընթացը: Ընդհանուր առմամբ վերջին տարիներին մենք այդ հարցում շատ քիչ առաջընթաց ենք տեսել:

Կարծում եմ շատ կարևոր է, որ բոլոր հակամարտությունները հնարավորինս կարգավորվեն, դա հատկապես կարևոր է Հայաստանի պարագայում՝ վերջինիս աշխարհագրական դիրքի հետ կապված։ Իհարկե, նաև ավելի լավ և ինտենսիվ բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ կարելի է, անշուշտ, առավել դյուրին կերպով կարգավորման հասնել: Գերմանիան ցանկանում է կառուցողական աջակցություն ցուցաբերել հակամարտությունների կարգավորմանը:

Միևնույն ժամանակն ես հասկանում եմ. այն, ինչ ձգձգվել է 23 տարի, մի այցով կամ մի թափով չի լուծվի:

Մենք, իհարկե, խոսեցինք տնտեսական համագործակցության մասին, ինչպես նաև միջազգային խնդիրների շուրջ։ Նախագահը շեշտեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Հայաստանի համար հեռանկարային առումով կարևոր քայլ էր:

Ես ընդգծեցի, որ մենք հարգում ենք Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի որոշումը : Մենք չենք ցանկանում «կամ, կամ» սկզբունքով առաջ շարժվել, այլ լավ հարաբերություններ զարգացնել Հայաստանի և ԵՄ միջև` միաժամանակ հարգելով ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը:

Մենք հետաքրքրությամբ հետևել ենք Հայաստանում Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ ընթացող քաղաքական բարեփոխումների գործընթացին, ինչին օգնություն է ցուցաբերել նաև Գերմանիան: Կարծում եմ` սա լավ նախադրյալ է քաղաքական և տնտեսական գործընթացներն առավել թափանցիկ դարձնելու համար և միանգամայն ճիշտ քայլ` ճիշտ ուղղությամբ:

Իհարկե, զրուցեցինք նաև այն մասին, թե ինչպիսին են հարաբերությունները Թուրքիայի հետ, և արդյոք այս առումով հնարավոր է տարիներ առաջ գոյություն ունեցող կապերը վերականգնել: Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինված բախումների ներկա պարագայում նախադրյալները դրա համար բարենպաստ չեն, դա ես ընդունում եմ:

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը բարեհաջող կերպով զարգանա, մենք ցանկանում ենք հուսալի գործընկեր լինել Հայաստանի համար: Ուստի մաղթում եմ Ձեզ, պարոն Նախագահ, Ձեր ողջ ճանապարհին մեծ հաջողություն: Գերմանիան հնարավորինս կաջակցի Ձեզ այդ հարցում:

***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

Մայա Խաչատրյան, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն – Տիկին կանցլեր, միջազգային հայտնի վերլուծական կենտրոնները, այդ թվում ամերիկյան Ստրատֆորը, վաղուց արդեն կանխատեսում էին, որ նավթի միջազգային գների անկման և Ադրբեջանում սոցիալական վիճակի վատթարացման դեպքում Իլհամ Ալիևը պատերազմ կսկսի իր բնակչության ուշադրությունը շեղելու համար: Նավթի գներն ընկան: Ավելին, օրեր առաջ էլ բացահայտվեց Ալիևների գերդաստանի` Պանամայում աստղաբաշխական օֆշորային գումարներ պահելու սկանդալը, որից էլ կարիք կար շեղել Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը: Կիսու՞մ եք արդյոք վերլուծական կենտրոնների կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան պարզապես Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը սեփական լրջագույն խնդիրներից շեղելու նպատակ ունեին:

Անգելա Մերկել – Ո՛չ, այդ կապակցությամբ ես չեմ կարող որևէ բան ասել: Ես վերլուծական կենտրոն չեմ այլ` քաղաքական գործիչ, ում առաջադրանքն է` նախ և առաջ, նման խնդիրներ առաջանալիս, նպաստել դրանց լուծմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է, բնականաբար, իրավիճակը վերլուծել : Ըստ իս, Գերմանիան անում է այն, ինչ պետք է հիմա անի, այն է` որոշակի պատասխանատվություն ստանձնել որպես ԵԱՀԿ նախագահող: Հենց այդ նպատակով էլ մեր արտաքին գործերի նախարարը քայլեր է ձեռնարկել:

Մենք Մինսկի խումբը և այդ խմբի աշխատանքի համար մշակված սկզբունքները համարում ենք ողջամիտ հիմք: Այժմ անհրաժեշտ է փորձել հնարավորինս արագ վերականգնել կայունությունը: Ինչպես նշվեց` խոսքը մի հակամարտության մասին է, որ շատ վաղուց չի լուծվում, սակայն վերջին ժամանակների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է շուտափույթ լուծում գտնելը:

Առնդ Հենցե, ARD հեռուստաընկերություն - Տիկին կանցլեր, Դուք արդեն խոսեցիք Թուրքիայի մասին: Բունդեսթագում, հավանաբար, առաջիկա շաբաթների ընթացքում բանաձև կընդունվի, որտում միահամուռ կերպով խոսքը գնալու է հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության մասին: Թուրքիայի արձագանքը կանխատեսելի է: Արդյո՞ք նախապատրաստվել եք դրան: Եվ մի կարճ հարց ՀՀ Նախագահին: Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ-Թուրքիա սերտ հարաբերությունները փախստականների ճգնաժամի հարցում: Շնորհակալություն:

Անգելա Մերկել – Իրավացի եք, Բունդեսթագում վերստին լինելու է քննարկում և քվեարկվելու է նման բանաձև: Կարծում եմ` թուրքական կողմը դրան հետևում է և կշարունակի հետևել: Այս պահին Բունդեսթագի առնչությամբ ավելին չեմ կարող ասել:

Սերժ Սարգսյան – Ինձ համար շատ դժվար է գնահատական տալ Եվրամիության գործողություններին և ես իրավասու էլ չեմ: Միայն կարող եմ ասել, որ փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, որովհետև Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր արևելքում հոծ հայկական համայնքներ կային, և այս կոնֆլիկտի հետևանքով Հայաստանն արդեն ընդունել է քսան հազարից ավելի փախստականներ, որովհետև նրանք ազգությամբ հայ են և նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Այնուհանդերձ, երեք միլիոնանոց երկրի համար քսան հազար մարդու սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելը բարդ է, և այս առումով, իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կանցլերին, Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Զոհրաբ Հարոյան, Արմենիա հեռուստաընկերություն – Տիկին կանցլեր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորել միջազգային իրավունքի երեք հետևյալ սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքից հրաժարման և տարածքային ամբողջականություն սկզբունքների հիման վրա: Դուք, որպես ԵԱՀԿ գործող նախագահ երկրի ղեկավար, ընդունու՞մ եք արդյոք, որ հիմնահարցը պետք է լուծվի այդ երեք սկզբունքների` այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Անգելա Մերկել – Կարծում եմ՝ այդ սկզբունքների մշակումը լուրջ աշխատանքի արդյունք էր: Թեև երկար ժամանակ ենք աշխատել այդ սկզբունքների վրա, սակայն գոյություն ունի կարծիքների տարբերություն: Պետք է ամեն ինչ անել այդ տարբերությունը վերացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այդ սկզբունքներն այս պահին պետք չէ փոխել ղարաբաղյան հիմնախնդրի մասով, այլ պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կանխենք արյունահեղությունը և մարդկային զոհերը: Այս առումով ընդունելի և տևական զինադադարի ձեռքբերմանն ուղղված ջանքերը մնում են որպես խիստ հրատապ խնդիր, որովհետև, քանի դեռ մարտեր են ընթանում, քաղաքական գործընթացում վստահաբար առաջընթաց չենք ունենա:

Թոմաս Լան, Գերմանիայի լրատվական գործակալություն
- Նախ Հայաստանի նախագահին եմ ուղղում հարցս: Պարոն Նախագահ, մի կողմից Ռուսաստանը Ձեր երկրի համար ռազմական պաշտպանողական ուժ է, մյուս կողմից՝ Ադրբեջանի ամենամեծ ու կարևոր զենք մատակարարող երկիրը: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը այս հակամարտությունում:

Տիկին Կանցլեր, Դուք ականատես եղաք այն բանին, թե ինչպես ՀՀ Նախագահն օգտագործեց այս հարթակը՝ հակամարտության սրման վերաբերյալ իր տեսակետը, այն էլ` բավական դիպուկ, ներկայացնելու համար: Ձեզ չի՞ մտահոգում, արդյոք, այն, որ շուտով կտարածվեն լուսանկանրենր Ձեզ և քիչ անց նաև` նախագահ Գաուկի հետ, ինչը թյուր տպավորություն կստեղծի, թե Գերմանիան կողմնակալ դիրքորոշում ունի,
թե՞ առաջիկայում ծրագրում եք նաև նմանատիպ այց Ադրբեջան:

Անգելա Մերկել – Նախատեսում ենք, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսին կկայանա Ադրբեջանի նախագահի այցը, և մենք կքննարկենք իրադրությունը նաև իրենց տեսանկյունից: Պարբերաբար հանդիպում եմ նաև Ալիևին: Այսպիսով մենք փորձում ենք, երկու կողմերին լսելու միջոցով, և այլ կերպ հնարավոր էլ չէ, մեր նպաստը բերել հիմնախնդրի լուծմանը:

Սերժ Սարգսյան – Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա: Միայն մի բան կարող եմ ասել՝ այո՛, այսօր Ադրբեջանը, երևի թե, ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է: Շնորհակալ եմ:



 

← Վերադառնալ