18
03, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Բարև ձեզ: Ես հատուկ ներածական խոսք չեմ պատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այսպիսի կազմով գրեթե չենք հանդիպել: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածում բավականաչափ հարցեր են կուտակվել և որպեսզի ավելորդ ժամանակ չծախսենք, ես հարցերին պատասխանելու ընթացքում կփորձեմ նաև իմ ասելիքն ասել: Խնդրեմ:

Գևորգ Ալթունյան, Հանրային հ/ը – Պարո՛ն Նախագահ, նախ շնորհակալություն այս հնարավորության համար: Թերևս, փորձենք առաջինը խոսել ընտրությունների մասին. կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին տարբեր մեկնաբանություններ և գնահատականներ հնչեցին: Իշխանությունը հայտարարեց, թե այս ընտրությունները մինչ այժմ եղած լավագույնն էին: Միջազգային դիտորդները որոշակի խնդիրներով հանդերձ, դրական գնահատական տվեցին: Ընդդիմությունը, սակայն, ի դեմս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի, վիճարկում է ընտրությունների արդյունքները և հայտարարում, թե լայնածավալ խախտումներ են տեղի ունեցել: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը և մեկնաբանությունը:

Սերժ Սարգսյան – Ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքները գոհացուցիչ են, թեև կարծում եմ, որ մենք այդ արդյունքները պետք է գնահատենք տարբեր հարթություններում: Այն, որ ընտրություններին մասնակցածների քվեների 58,64 տոկոսը շատ սոլիդ, շատ լուրջ տոկոս է, կարծում եմ, այստեղ որևէ մեկը չի կարող կասկած հայտնել գոնե այն պատճառով, որ Դուք չեք կարող ցուցանել զարգացած ժողովրդավարությամբ որևէ երկիր կամ եթե կարող եք, դրանք կլինեն բացառություններ, որտեղ ընտրությունների առաջին փուլում որևէ անհատ կամ կուսակցություն ստացել է ձայների 58,64 տոկոսից ավելի: Ստանալ 58,64 տոկոս ընտրություններում, որը մեզ համար ուներ սկզբունքային նշանակություն և մի երկրում, որտեղ կան հազարավոր պրոբլեմներ, բարդություններ, որտեղ շարունակվում է արտագաղթը, որտեղ մարդիկ չունեն իրենց սրտի ուզած աշխատանքը, որի բնակչության 1/3-ը աղքատ է, կարծում եմ՝ մեծ պատիվ է մի իշխանության համար, որի ներկայացուցիչն առաջադրվել էր: Այսինքն ինձ համար և ով, կոնկրետ նկատի ունեմ ինձ, ուղիղ 20 տարի է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում զբաղեցնում է և զբաղեցրել է կարևոր պաշտոններ: Ստանալ ձայների այդպիսի քանակ առանց, ներողություն բառիս համար, ծեծուջարդի, առանց սին խոստումների, առանց շոուների, կարծում եմ, որ դա, իրոք, մեծ հաջողություն է: Ստանալ այդպիսի տոկոս և, միևնույն ժամանակ, ստանալ միջազգային դիտորդների գերակշիռ մասի դրական գնահատականը՝ սա էլ, կարծում եմ, ոչ միայն թեկնածուի, այլ նաև երկրի համար շատ լավ գնահատական է: Ես չեմ ասում, որ ընտրությունները եղել են անթերի, բայց ամենաօբյեկտիվ գնահատականները լինում են այն դեպքում, երբ դու դա անում ես համեմատության մեջ: Համեմատեք և տեսեք՝ քանի՞ հայտարարություն և հաղորդագրություն է եղել իրավապահ մարմիններին նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ: Համեմատեք և տեսեք՝ նախորդ ընտրությունների ժամանակ եղե՞լ է համերաշխության մեծ մթնոլորտ: Եվ ունենալ այդպիսի արդյունքներ մի ընտրարշավից հետո, որի ընթացքում գոնե իմ կողմից չի հնչել որևէ լուրջ քննադատություն, սև PR չենք արել, անձնական վիրավորանք որևէ մեկին չեմ հասցրել, այսինքն՝ թշնամական մթնոլորտ չկար: Համեմատեք և տեսեք՝ նախորդ բոլոր ընտրություններում եղե՞լ է այդպիսի մթնոլորտ: Բայց դա արվել է, իհարկե, կանխամտածված, որպեսզի ընտրություններից հետո, գոնե ընտրություններից հետո այդպիսի մթնոլորտը վերանա մեր երկրից: Եվ եթե որևէ մեկը կասի, որ այսօր, երբ արդեն ընտրություններից բավականաչափ ժամանակ է անցել, կա թշնամական մթնոլորտ, ուրեմն ես իրավիճակին չեմ տիրապետում: Այո, կան դժգոհներ, կան բողոքողներ, բայց նախ՝ թշնամանք չեմ տեսնում և երկրորդ՝ նույնիսկ քանակային համեմատություն անել ուղղակի չի կարելի, որովհետև հիմա մթնոլորտն ուրիշ է: Իհարկե, ես շատ ուրախ կլինեի և չէի ասի՝ ընդհանուր առմամբ գոհացուցիչ, եթե ձայների այդ 58,64 տոկոսը բաշխված լիներ հանրապետության ողջ տարածքով հավասարաչափ: Ինձ համար, իհարկե, ցավ է, որ ես պարտվել եմ Շիրակի մարզում: Ես կանխատեսում էի, որ կարող է անհաջողություն ունենանք Գյումրի քաղաքում ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ խնդիրներն ավելի շատ են, քան այլ տարածքներում, այլ որովհետև Գյումրիում մենք ներկուսակցական կառույցները չհասցրեցինք վերականգնել: Տեսաք՝ մենք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չառաջադրեցինք, ավելին՝ աջակցեցինք այլ կուսակցության ներկայացուցչի, բայց, ցավոք սրտի, նախագահական ընտրությունների ժամանակ մենք որևէ աջակցություն չստացանք: Սակայն, որ կպարտվեի Շիրակի մարզում, իրոք, ես չէի սպասում: Երբ ասում եմ այս մասին, դա չի նշանակում, որ ես վիրավորված կամ նեղացած եմ շիրակցիներից կամ գյումրեցիներից: Եվ քանի որ առիթ է՝ ասեմ, որ ես կրկնում եմ նույն իմ հայտարարությունը, որ արել եմ տարիներ առաջ՝ ես ինձ համարում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների Նախագահը, ա՛յն քաղաքացիների, ովքեր քվեարկել են, ա՛յն քաղաքացիների, ովքեր կողմ են քվեարկել, ա՛յն քաղաքացիների, ովքեր դեմ են քվեարկել և իհարկե, ա՛յն քաղաքացիների, ովքեր ընդհանրապես քվեարկությանը չեն մասնակցել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բոլոր այն բնակավայրերում, բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ մենք պարտվել ենք, մենք մեր ուշադրությունը պետք է ավելացնենք: Ուրեմն, խնդիրներ կան, ուրեմն, պրոբլեմներ կան: Եվ այդ խնդիրները միայն սոցիալ-տնտեսական բնույթի չեն: Գիտեք, եթե պրոբլեմները միայն սոցիալ-տնտեսական լինեին կամ նույնիսկ արդարության կամ այլ հանգամանքների հետ կապված, սա մի հարց է: Ես կարող եմ բերել Քաջարանի օրինակը. Քաջարանում ես հաղթել եմ ձայների շատ քիչ տարբերությամբ: Քաջարանում միջին աշխատավարձը 400 հազար դրամից ավելին է: Այսինքն, գրեթե երեք անգամ ավելի, քան հանրապետության միջինն է: Քաջարանում գրեթե բոլորն աշխատանք ունեն: Քաջարանում շատ չեն քանդված փողոցները: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ: Ուրեմն, այստեղ էլ այլ խնդիրներ կան: Այսինքն, այս ամբողջ ուսումնասիրություններն անելու համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, անհրաժեշտ են մասնագետներ: Եվ մենք այդ ուսումնասիրությունը կատարելու ենք: Ես հասկանում եմ նաև հարցի ենթատեքստը, որովհետև կարծես թե ընտրություններից հետո և միգուցե հիմա էլ, (հիմա թերևս, ավելի քիչ չափով) օդում մի անբավարարության զգացողություն է կախված: Եվ այս զգացողությունը կար նաև իմ մերձավոր շրջապատում՝ թիմակիցների մեջ, Հանրապետական կուսակցությունում և, բնականաբար, նաև հանրության մեջ: Բայց սրա պատճառն ուրիշ է. պատճառն այն է, որ այդպես էլ ես չկարողացա հաղթահարել շատ մեծ պրոբլեմ՝ հեշտ հաղթանակի ակնկալիքը: Այդ սպասումները ես չկարողացա հաղթահարել, և իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այստեղ ես նաև լրատվական դաշտի մեղքի բաժինն եմ տեսնում: Բոլորը խոսում էին այն մասին, որ այս ընտրությունները լինելու էին ոչ մրցակցային, որ այս ընտրությունները հետաքրքիր չեն: Այդպես էին ասում միջազգային կառույցների ներկայացուցիչները, այդպես էին ասում այն կուսակցությունները, ովքեր կարող էին, բայց թեկնածություններ չառաջադրեցին, այդպես էին խոսում մեր լրատվամիջոցները: Ես մեծ ջանքեր եմ գործադրել իմ ամենամերձավոր մարդկանց՝ նկատի ունեմ քաղաքականության մեջ, բացատրելու, որ այդպես չի կարող լինել, անհնար է, մի սպասեք 70-80 տոկոսի: Նորմալ երկրում չի կարող այդպիսի տոկոս լինել: Չի կարող: Ցավոք, Հայաստանում բողոքավոր են և՛ աղքատները, և՛ ունևորները: Հայաստանում բողոքավոր է ընդդիմությունը, բողոքավոր է իշխանությունը: Բոլորը բողոքում են: Եվ ես մանրամասնորեն սրա մասին ընտրություններից հետո խոսել եմ իմ գործընկերների հետ ու որպես ապացույց բերել եմ խորհրդարանական ընտրությունների օրինակը: Եթե հիշում եք՝ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացավ քվեների 44 տոկոսը, և բոլոր հանրապետականները երջանիկ էին: Ինչո՞ւ: Մի՞թե 44 տոկոսն ավելին է, քան 58,64-ը: Ոչ: Որովհետև այն ժամանակ սպասումները, ակնկալիքներն ավելի քիչ էին: Այն ժամանակ, իմ մերձավորները, իմ քաղաքական գործընկերներն ասում էին, եթե մենք ստանանք 30-35 տոկոս՝ լավ է: Ես էլ այն ժամանակ ասում էի, որ վստահ եմ՝ մենք 40-ից ավելին ենք տանելու: Այդպես էլ ստացվեց: Տարանք 44 տոկոս, և բոլորը երջանիկ էին: Հիմա տարել ենք 58, կարծես թե ինչ-որ սրտնեղվածություն կա: Եթե ի մի բերելու լինեմ խոսքս, կասեմ հետևյալը՝ ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքներն ինձ համար գոհացուցիչ են:

Գագիկ Մկրտչյան, Արմենիա հ/ը – Պարո՛ն Նախագահ, նախագահական նստավայրում օրեր առաջ կայացած Ձեր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին շատ է խոսվել, բայց մենք մանրամասներին ավելի շատ տեղեկանում ենք, այդ հանդիպման մասին իմանում ենք պարոն Հովհաննիսյանի պատմածներից: Միգուցե բացե՞ք փակագծերը:

Սերժ Սարգսյան – Կարծես, պարտավոր եմ բացելու, որովհետև, իրոք, այդ հանդիպման մասին բազմիցս խոսեցին և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ այն մարդիկ, ովքեր այդ զրույցին, այդ երկխոսությանը ներկա չէին: Եվ վատն այն է, որ աղճատված, ոչ ստույգ տեղեկություններ էին տալիս հանրությանը: Իրականությունը հետևյալն է՝ լրագրողների հեռանալուց հետո, մենք պարոն Հովհաննիսյանի հետ փոխադարձաբար մեկս մյուսի որպիսությամբ հետաքրքվեցինք, այնուհետև ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին, թե արդյո՞ք նա ասելիք ունի, ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ հավաքների պատճառը: Նա ասաց, որ, իհարկե, ասելիք ունի և իր ասելիքը հետևյալն է՝ ի՞նչ պետք է անենք: Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչև անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց, և ես անցա երկրորդ հարցին: Հարցրեցի՝ քարոզարշավի ընթացքում ինքն ինձնից լսե՞լ է արդյոք մի անձնական վիրավորանք, մի կոշտ ձևակերպում, բացի մեկ դեպքից, երբ ես գնահատականը տվել եմ երևույթին, որովհետև չափազանց կարևոր երևույթ էր: Եթե այդ մասին հարց լինի՝ ես կպատասխանեմ, եթե ոչ՝ ինքս կբացեմ դա: Պարոն Հովհաննիսյանն ինձ բացատրեց, որ իր խոսքի կոշտության պատճառն այն է, որ ես ժամանակից շուտ իմ շրջապատում շամպայնով շնորհավորել եմ իմ հաղթանակը: Ես շատ զարմացած էի: Ասացի, որ այսօրվա պայմաններում, երբ ցանկացած մարդու պաշտոնական խոսք կարելի է վայրկյանների ընթացքում, վայրկյանների ճշտությամբ իմանալ, թե երբ և ինչպես է եղել, ես զարմանում եմ, որ այդպիսի բան եք ասում: Նախ՝ ես շնորհակալություն եմ հայտնել իմ գործընկերներին, ինձ կողմ քվեարկողներին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել էր ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 1988 տեղամասերում: Եվ երկրորդ՝ իմ շնորհավորանքը եղել է առանց շամպայնի: Եվ դա տեսել է հանրապետության ողջ բնակչությունը: Ինչևէ, մենք այդ հարցն անցանք, և ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին՝ ի՞նչ եք ուզում, լսում եմ, ասե՛ք: Ասաց, որ լավ կլինի և ճիշտ կլինի, որպեսզի անցկացնենք նախագահական նոր ընտրություններ: Ասացի, որ ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, բայց նույնիսկ եթե այն լիներ, վստա՞հ է, որ նոր ընտրություններում կգրավի, ասենք, 4-րդ տեղը: Հարցրեց՝ ինչո՞ւ: Ասացի՝ եթե նոր ընտրություններ, ապա նոր թեկնածուների առաջադրում, և պարզ չի, թե ովքեր կառաջադրվեն: Նա ասաց՝ չէ, ես դա նկատի չունեմ. ես նկատի ունեմ՝ ընտրություն մեր միջև: Ասացի՝ դրա տարբերակն էլ չկա, որովհետև միջազգային հանրությունը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընտրությունների արդյունքն ընդունել է և գնահատել է լավ: Բայց եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի և մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ և ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասաց՝ այո: Ասացի՝ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասաց՝ այո: Ասացի՝ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց և կասեմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց և անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ: Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու, մինչև ե՞րբ: Նա ասաց, որ լավ, եթե չի ստացվում նախագահական ընտրություններ անցկացնել, եկեք խորհրդարանը լուծարենք, անցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Հարցրեցի` բայց ի՞նչն է պատճառը: Եթե մենք համաձայնության եկանք նախագահական ընտրությունների մասով, ապա ո՞րն է խորհրդարանը ցրելու առիթը: Բացի դրանից, Սահմանադրությամբ և մեր օրենքներով Հանրապետության նախագահը չի կարող կամայականորեն ցրել Ազգային ժողովը: Ազգային ժողովը կարող է արձակվել Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված չորս դեպքերում: Այդ դեպքերից որևէ մեկն առկա չէ: Ես ինչպե՞ս դա անեմ: Ասաց` Դուք կարող եք: Կարող եք բոլորին հրավիրել և ստիպել, որ նրանք հրաժարվեն պատգամավորությունից: Ես ասացի, որ նախ` դա անօրինական ճանապարհ է, և անօրինականությամբ երբեք չի կարելի ո՛չ արդարություն, ո՛չ օրինականություն հաստատել: Երկրորդ` իսկ եթե այդ պատգամավորներից մի 10, 20, 30 հոգի, մի մասը, իմ այդ պահանջը չկատարի և ասի` պարո՛ն Նախագահ ես Ձեզ շատ եմ հարգում, բայց ելնելով մեր երկրի շահերից, ժողովրդավարությունից, նախադեպ չստեղծելու հանգամանքից և այլն, չեմ կարող հրաժարականի դիմում գրել: Րաֆֆին ասաց` ոչ, որևէ մեկն այնտեղ չի կարող Ձեր խոսքը օդում թողնել: Հարցրեցի՝ ինչպե՞ս է ստացվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դա անել, իսկ ողջ Ազգային ժողովում չի գտնվի 1, 2 կամ 5 մարդ, ով այդպես չի վարվի: Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունն է՝ խարխլել քաղաքական հենարանը, մեր երկրի ամենակարևոր հաստատություններից մեկը միայն նրա համար, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 37 տոկոս ձայն: Ասացի` լավ, այս հանգամանքները մի կողմ դնենք: Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր: Ասացի` ուրեմն Դուք առաջարկում եք, որպեսզի ես «միացնեմ» պետական, ոստիկանական ողջ մեքենան, մենք միասին մեծամասնություն ստանանք և ձևավորենք նոր խորհրդարա՞ն: Բա, եթե ես այդ մեքենան միացնող լինեի, կմիացնեի նախագահական ընտրությունների ժամանակ և կտանեի առնվազն 80 տոկոս: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել: Ասաց` ուրեմն սա է՞լ է բացառվում: Ասացի` այո, սա էլ է բացառվում: Ասաց` ուրեմն պետք է պատժել բոլոր ընտրակեղծարարներին: Ասացի` այստեղ ես Ձեզ հետ 100 տոկոսով համաձայն եմ, և անկախ նրանից` պահանջեք, թե չպահանջեք`մենք դա անելու ենք: Ասաց` բա էլ ի՞նչ անենք, մի համապետական միջոցառում է պետք: Ասացի` խնդրեմ, մտածեք, ինչ համապետական առաջարկություն կարող է լինել, հանձնեք թղթին և բերեք տեսնեմ ի՞նչ եք ասում: Կաշխատեմ ես էլ մտածել, ես էլ իմ մտքերը թղթին հանձնել ու փոխանցել Ձեզ: Պատասխանեց՝ լավ, իսկ ի՞նչ ենք հիմա ուրիշներին ասելու: Ասացի` ես կարծում եմ, որ ընդհանուր գծերով, մանրամասների մեջ չմտնելով, պետք է առնվազն սա ներկայացնենք մեր թիմակիցներին: Ասաց` իսկ չի՞ լինի, որ չասենք ոչինչ: Ասացի` ոչ, որովհետև եթե դու կարող ես քո թիմակիցներին ասել, որ գաղտնիք է, չեմ կարող ձեզ հաղորդել, ապա ես չեմ կարող իմ թիմակիցներին ասել, թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ոչինչ չխոսեցի մեկ ժամից ավելին տևած հանդիպման ժամանակ: Եվ ընդհանրապես` չի եղել մի կարևոր որոշում կամ մի կարևոր իրադարձություն, որի մասին գոնե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները չիմանային: Հանուն ինչի՞ ես հիմա պիտի դա խախտեմ: Ասաց՝ այդ դեպքում, ես պետք է դուրս գամ և ասեմ, որ ոչինչ չստացվեց: Ասացի` խնդրեմ: Ասաց` բա հիմա ի՞նչ ենք անելու: Ասացի` Րաֆֆի՛, ես տեսնում եմ ընդամենը երեք տարբերակ. տարբերակ համար մեկ` հիմա այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և նորից կրկնում ես այն, ինչ դու այնտեղ ասել ես` որ դու ստացել ես ձայների 80 տոկոսը, իսկ Հանրապետության նախագահը հիմա իր լիազորությունները ինձ չի հանձնում, շարունակում ես ձևավորել դաշտային դատարաններ, ինչպիսին արդեն սկսել ես ձևավորել, նշանակում ես նախարարներ և հայտարարում, որ այս երկրում դու պետք է հասնես իշխանության, այսինքն՝ պետք է հեղաշրջում իրականացնես: Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար: Այդ դեպքում՝ պատասխանատվությունը լինելու է միայն քեզ վրա: Եթե պատրաստ ես այդպիսի պատասխանատվություն կրելու` խնդրեմ: Տարբերակ համար երկու`դուրս ես գալիս այստեղից, գնում ես հրապարակ և այնտեղ հայտարարում ես, որ դու ստացել ես ոչ թե ձայների 37 տոկոսը, այլ՝ ավելին, բայց այնուհանդերձ, ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի սիրուց առ Հայաստան, առ հայ ժողովուրդ, նրա հավատարմությունից ժողովրդավարության արժեքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինականության սահմաններում ստիպելու է այս իշխանություններին, որպեսզի դադարեցնեն արտագաղթը, պայքարեն կոռուպցիայի դեմ, վերացնեն ատկատները, այսինքն այն բոլորը, ինչ դու հայտարարել ես քարոզարշավի ընթացքում: Այս պարագայում, ես` որպես Հանրապետության նախագահ, ի պաշտոնե էլ պարտավոր եմ աջակցել ընդդիմությանը, ես կաջակցեմ ձեզ: Ձեր ստացած 500 հազարից ավելի ձայները դարձրեք ձեր կապիտալը, ձեր սեփականությունը: «Ժառանգություն» կուսակցությունը դարձրեք 500 հազարանոց: Ընդամենը երկու ամիս հետո Երևանի ավագանու ընտրություններն են լինելու, մասնակցեք այդ ընտրություններին, նախ հաղթեք և սկսեք կառավարել հանրապետության 1/3-րդ բնակչությանը, ապա պատրաստվեք խորհրդարանական ընտրություններին, որոնք սարերի ետևում չեն` ընդամենը 4 տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրությունները, կստանաք մեծամասնություն, կձևավորեք կառավարություն և այսպիսով` իշխանությունը կանցնի «Ժառանգություն» կուսակցությանը: Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը և անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է: Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որևէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է: Ինչպե՞ս կարելի է ընկնել ադրբեջանական ուղեգիծ և պայքարել Մինսկի խումբը ցրելու, համանախագահներին ցրելու համար: Մենք շատ երկար տարիներ պայքարում ենք, որ ձևաչափը չփոխվի, որովհետև այդ ձևաչափը ճիշտ է ընտրված: Այդպես մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ավարտեցինք մեր հանդիպումը: Իսկ մնացած բոլոր բաները` սկսած նրանից, թե իբր մենք այդ խոսակցությունը ձայնագրել ենք և պատրաստվում ենք հանրության սեփականությունը դարձնել, իբր, ես նրանց առաջարկել եմ Երևանի քաղաքապետի տեղակալ, իբր, ես առաջարկել եմ մեկ-երկու նախարարի պաշտոն` իրականությանը չեն համապատասխանում: Եվ ես բարոյական չեմ համարում խոսակցության խեղաթյուրումը` ով էլ դա կատարի:

Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Պարո՛ն Նախագահ, ըստ պաշտոնական տվյալների, հենց քիչ առաջ էլ Դուք ասացիք՝ ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին և նրանք հիմա ուղղակի հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում և կանգնել են նրա մեջքին՝ հանրահավաքային պայքարի տեսքով պաշտպանում են իրենց թեկնածուին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես գիտեք, արդեն քանի օր է նստած է հացադուլի և գնալով, գուցե, առողջական վիճակն այնքան էլ լավ չէ:

Սերժ Սարգսյան - Դուք այդպիսի տեղեկություննե՞ր ունեք առողջական վիճակի մասին:

Ազատություն ռ/կ, Հրայր Թամրազյան - Ոչ, չունեմ:

Սերժ Սարգսյան - Ինչի համար եմ ասում, որովհետև մենք ինչպես նախընտրական շրջանում, կարծում եմ, բոլորդ տեսաք, այնպես էլ հիմա՝ այս դեպքում, շատ ուշադիր ենք նման հարցում: Եվ պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են այս խնդրի համար` ունեն շատ խիստ հանձնարարական:

Ազատություն ռ/կ, Հրայր Թամրազյան – Ուղղակի, հարցս չվերջացրեցի: Դուք պատրաստվո՞ւմ եք արդյոք այցելել նրան Ազատության հրապարակում և եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով:

Սերժ Սարգսյան- Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ: Պատճառները բազմաթիվ են և բազմապիսի: Նախ ուզում եմ որոշակի ճշգրտում կատարել Ձեր ասածի մեջ: Բայց նախքան այդ, ցանկանում եմ Ձեզ շնորհավորել ձեր տոնի`«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության 60-ամյակի կապակցությամբ: Կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանն էլ է տոնում ամյակները: Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում` Դուք ասում եք, որ 500 հազարից ավելին կանգնած են նրա թիկունքին և հրապարակներում են: Ես, ուրեմն, տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև այնտեղ ես չեմ տեսել ոչ 500 հազար, ոչ 50 հազար: Եվ երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է: Միջին հաշվով, այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ՝ ես վստահություն չունեմ, միգուցե Դուք ունեք, որ նրանք բոլորը` մինչև վերջին մարդը, քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին և երկրորդ` 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0,1 տոկոսը: Մենք մոտ 3 մլն ենք: Ուրեմն, խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն, ինչ ասեմ, կոռեկտ չի:

Ազատություն ռ/կ, Հրայր Թամրազյան – Պարո՛ն Նախագահ, խոսքը նաև մյուս քաղաքների մասին է:

Սերժ Սարգսյան- Պարո՛ն Թամրազյան, ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև այնտեղ հարթակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և՛ բոլոր բարեգործները, և՛ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից ու իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, թե իբր դա անում են հանուն ժողովրդի: Չեմ ուզում օրինակներ բերել, կարծում եմ ամբողջովին ձեզ համար հասկանալի է: Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկն ասվածը երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք, 2008թ. մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում՝ լսելու այն թեկնածուի ճառը, որը տարել էր 300 հազար ձայն կամ դրա սահմաններում՝ ինչ-որ տարբերությամբ: Այսինքն, գոնե այս դեպքում հավաքվեց քվեարկողների, ընտրողների 10 տոկոսը: Բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ ուղղակի, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով՝ գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ: Ինչպես Դուք եք ասում՝ հնարավոր է նաև առողջական վիճակը շատ գերազանց չլինի: Որովհետև բանակցություններ` չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞: Չեմ տեսնում դրա արդյունքը, չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի այնտեղ, միայն պետք է գնայի մի նպատակով`մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլ չանել, ընտրել պայքարի (դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում քաղաքական բառը) այլ ձևեր: Ես դա հիմա եմ անում՝ Րաֆֆի՛ Հովհաննիսյան, հորդորում եմ դադարեցրեք հացադուլը, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ: Գիտեք, բայց մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել, կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ: Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք, հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանադրության վրա, ապա … ապա … ապա … Ես երբեք, որևէ անգամ ի տարբերություն շատ-շատերի ո՛չ կեղծ երդում եմ տվել, ո՛չ կեղծ բարևներ եմ շռայլել, ո՛չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո՛չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Եվ ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ, որովհետև ես համարում եմ, որ ես հաղթել եմ ազնիվ պայքարում: Գոնե համակարգված որևէ բան չի եղել, որովհետև ես համարում եմ, որ այդ հարյուր հազարավոր մարդկանց վստահությունը պետք է արդարացնեմ, որովհետև ես համարում եմ, որ պատասխանատու եմ այս երկրի և ժողովրդի համար: Նախագահական ընտրությունները, այլ առիթներ պետք չէ օգտագործել և խոսել տղամարդկության մասին: Տղամարդկությունը կոնկրետ դրսևորում ունի: Տղամարդկության մասին ոչ թե պետք է խոսել, այլ պետք է տղամարդ լինել: Հայրենասիրության մասին շատ պետք չէ խոսել` պետք է հայրենասեր լինել: Եվ երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում, դու պետք է կանգնած լինես իրադարձությունների կիզակետում: Այդ ժամանակ դու իրավունք կունենաս մտածելու, այն էլ հազվադեպ, որ դու հայրենասեր ես: Եվ ոչ թե տեղին-անտեղի, թանկ ու էժան խոսել հայրենասիրության մասին, բարեպաշտության մասին, համերաշխության, ժողովրդավարության մասին: Ժողովրդավար պետք է լինել, այլ ոչ թե ներկայանալ: Հարցի պատասխանը` ո՛չ, չե՛մ գնալու: Մի բան էլ հավելեմ՝ հաշվետվությունները հրապարակներում չեն տալիս: Գերակշիռ մասով հաշվետվությունները պետք է լինեն հրապարակային, այլ ոչ թե հրապարակներում: Մենք հրապարակներն էլ ենք օգտագործել: Մեկ տարվա ընթացքում ես այդպիսի հարյուրավոր հաշվետվություններ եմ տվել, եթե հաշվի առնենք խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահական ընտրությունները: Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են լինելու: Մենք երբեք չենք խուսափել հանրահավաքներ կազմակերպելուց կամ հանրահավաքներում ելույթներ ունենալուց: Երբեք չենք խուսափել մարդկանց հետ շփվելուց: Ճիշտ է, իմ թերությունն է, որ չեմ կարողանում, չեմ հասցնում, ֆիզիկապես ի վիճակի չեմ գոնե մի 500-600 հազար մարդու ձեռքով բարև տամ: Բայց մեզնից յուրաքանչյուրն իր առավելությունները, իր թերություններն ունի:

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթ – Պարո՛ն Նախագահ, միտինգային ժողովրդավարությունը կարևոր բան է: Բայց, արդյո՞ք, երբ բանը հասնում է արդեն 5-րդ շարասյուների ելույթներին, հակապետական, հակաբարոյական ելույթներին՝ սահմանափակումներ պետք չեն: Վառ օրինակը, որ շատերի վրդովմունքը առաջացրեց` Ռուբեն Հախվերդյանի այդ համեմատությունն էր՝ Ադրբեջանի հեռավոր գավառի հետ: Արդյո՞ք ինչ-որ սահմաններ այդ ամենում դնել պետք չէ:

Սերժ Սարգսյան- Իհարկե, պետք է: Բայց մենք երբեք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չպետք է գնանք: Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել ևս՝ մարդկային հարաբերություններում: Պիտի ավելացնեմ նաև, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը և ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել: Բայց կբավարարվեմ մեկով. ես երբեք Բորիս Կևորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Նրանք տարբեր մարդիկ են: Գոնե անուն, ազգանուններից կարելի է տարբերակել: Սա` մեկ: Եվ երկրորդ` նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու և աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոռ լինել և առաջին հերթին՝ նախորդ սերունդների նկատմամբ: Որևէ մեկն այսօր ճշգրտությամբ չի կարող ասել՝ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ի՞նչ կլիներ մեր ճակատագիրը: Եթե որևէ մեկը գիտի` թող ասի: Այսինքն, մենք արդյո՞ք իրավունք ունենք ելնելու այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որևէ լավ գործ չի կատարվել: Այսինքն, եթե մենք փնովում ենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, հավասարապես պետք է փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությո՞ւնը: Մենք պետք է փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները և՞ս: Եվ թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, փաստորեն մենք պետք է փնովե՞նք Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ-երաժշտության համար: Արդյո՞ք սա մոտեցում է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին: Թե ինչպես եմ ծառայել, կարող են վկայել այդ Ադրբեջանի «հեռավոր գավառի բնակիչները»: Ինչևէ, տա Աստված, որ Ռուբեն Հախվերդյանը շուտով վերադառնա այն գործին, որից նա հասկանում է և մեզ ուրախացնի իր նոր ստեղծագործություններով: Իսկ հավաքները, ելույթները սահմանափակելը մեզ ոչինչ չի տա: Մենք շատ տևական ժամանակ, նաև անկախ Հայաստանի պայմաններում, ապրել ենք այդ վիճակում: Արդյո՞ք այն ժամանակ լավ էր վիճակը: Կարծում եմ` ոչ: Հիմա ավելի լավ է: Ոչինչ, որ հրապարակային վիրավորանքները, հայհոյանքները մի քիչ շատացել են: Ոչինչ, որ ամենահեշտ գործը դարձել է Նախագահին հայհոյելը: Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք: Եվ ոչ միայն դատարանների միջոցով: Վստահ եմ, որքան զարգանա մեր հասարակությունը, այնքան այսպես խոսողները քիչ են լինելու: Որովհետև գտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու: Այն ժամանակ նրանք էլ մի քիչ կզգուշանան: Գործընթացը նորմալ է գնում, մի անհանգստացիր: Որևէ բան մեր երկրի, հիմա դժվար է անդորր ասել, բնականոն կյանքը չի կարող խանգարել:

Շավարշ Գևորգյան, Հ2 հ/ը – Պարո՛ն Նախագահ, թերևս շատերին է հետաքրքրում ապագա կառավարության հարցը: Հետաքրքիր է իմանալ` կառավարության կազմը փոխվելու է, թե՞ փոփոխվելու: Վարչապետը նշանակվելո՞ւ է թե՞ վերանշանակվելու:

Սերժ Սարգսյան – Գիտեք, եթե ամեն ինչ ասելու լինեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի` ոչ միայն այն պատճառով, որ դա գաղտնիք է, այլ որովհետև դա լուրջ գործընթաց է և այդ գործընթացին պետք է լրջությամբ մոտենալ: Ցավոք, երբ մեր երկրում խոսում են փոփոխությունների մասին, առաջին հերթին՝ խոսում են մարդկանց փոփոխությունների մասին: Բայց մեկ տարի է, որ մի տարօրինակ երևույթ էլ կա: Մարդկանց փոփոխությունների մասին ամենաշատը խոսում են նախկին պաշտոնյաները: Գործող պաշտոնյաների փոփոխության մասին խոսում են հենց գործող պաշտոնյաները: Առաջինները խոսում են այն ակնկալիքով, որ այդ փոփոխությունների պատճառով հանկարծ կարող է իրենք հետ գան: Երկրորդները խոսում են, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք կարող են ավելի բարձր պաշտոն ստանալ: Փոփոխությունների մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր ակնկալիքներ ունեն, որ ապագայում կարող են պաշտոն ստանալ: Բայց մի վերապահումով, ով խոսում է` նկատի ունի բոլորին, բացի իրենից: Ասածս չի նշանակում, որ փոփոխություններ չեն եղել կամ չպետք է լինեն: Պետք է ջարդել կարծրատիպը: Ես հիմա թիվ կասեմ` բոլորդ կզարմանաք: Հինգ տարվա ընթացքում, ինչ ես ձևավորել եմ կառավարություն, իսկ մեր կառավարությունը բաղկացած է 19 հոգուց` 18 նախարար, գումարած վարչապետ, ես 20 փոփոխություն եմ արել: Օրինակ, որևէ մեկը մտածո՞ւմ էր, որ այդքան փոփոխություններ են եղել: Ոչ: Ինչո՞ւ, որովհետև առավոտից երեկո բոլոր լրատվամիջոցներն ասում են, որ մեր երկրում կադրային փոփոխություններ չեն լինում: Գնացեք, ստուգեք, տեսեք` 20 փոփոխություն: Մեր կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: Դա համարում եք շա՞տ: Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքը աշխատում և ընդհանրապես ինչ է նշանակում նախարար: Ասածս չի նշանակում, որ փոփոխություններ չեն լինելու: Ընդհակառակը` ես մի անգամ հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ`որևէ պետական պաշտոնյա չի կարող երաշխավորված լինել, թե նրան երբեք որևէ մեկը պաշտոնից չի ազատելու: Եվ հիմա, եթե դուք ինձ ցանկացած պաշտոնյայի մասին հարցնեք, իմ պատասխանը հետևյալն է՝ այսօրվա դրությամբ ես այդպիսի միտք չունեմ: Բայց դա չի նշանակում, որ այդ նույն պաշտոնյան վաղը չէ մյուս օրը չի թերանալու, որի համար համարեմ, որ նա պետք է պաշտոնից հեռանա: Ասածս հետևյալն է` կադրային փոփոխությունները մշտական գործընթաց են: Երևի թե, մեր սխալն է, մեր մեղքն է, որ այս ուղղությամբ լուսաբանումը լավ չենք իրականացնում, բայց իրականությունը դա է: Ընդհանրապես մեր երկրում չկան շատ երկար աշխատող պաշտոնյաներ` նկատի ունեմ նույն պաշտոնում՝ ես ինձ նկատի չունեմ: Բայց նայեք հարևան երկրներին, տեսեք՝ մարդիկ կան, որ 20 տարուց ավելի նախարարներ են: Ուրեմն, մի բան կա այստեղ: Հիմա ես ձեզ չեմ կարող պատասխանել, որ կառավարությունն ամբողջ կազմով փոխվելու է: Իմ պատասխանը հետևյալն է` այսօր դեռևս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս: Գիտեք, կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: 2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատմամբ`համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցե և պակաս: Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են: Հազարավոր թերություններ կան, բացթողումներ կան: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն դա: Իհարկե, մեծախոսներ կան: Իհարկե, իրականությունից կտրված մարդիկ կան և նրանց թվում է, թե ամեն ինչը հեշտ է, ասացիր` արվեց, վերջացավ, դարձավ դրախտ: Այդպես չէ: Կառավարության անդամի աշխատանքը տքնաջան, չարքաշ աշխատանք է: Ես ձեզ հավաստիացնում եմ: 15 տարի աշխատել եմ, գիտեմ դա ինչ է: Բայց այդքանով հանդերձ, հիմա մի կարևոր բան էլ պետք է ասեմ: Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա: Մյուս կողմից, կարելի է մտածել` բա վերը բերված արգումենտնե՞րը: Այո, այդ արգումենտներով հանդերձ: Որովհետև մեր կառավարությունն արդեն բավականաչափ փորձ ունի: Եվ երբ ես ասում եմ, որ պաշտոնավարման ժամկետի միջինը 3 տարի է` նախարարներից մեկի համար դա 6 տարի է, մեկի համար 2 տարի: Այսինքն, ընդհանրական առումով մեր կառավարությունը փորձ ունի, կարողություն ունի, և պետք է փոխել ոչ թե կառավարության անդամներին, այլ նրանց վերաբերմունքը նաև գործի նկատմամբ: Ասածս հետևյալն է, որ փոփոխություններն առաջին հերթին պետք է լինեն մարդկանց գիտակցության մեջ: Եթե մենք կարողանանք այդ գիտակցության մեջ փոփոխություններ անել` ձեզ համար ի՞նչ տարբերություն կառավարության անդամն ո՞վ է: Եթե ձեր թոշակները ժամանակին վճարում են, եթե ձեր թոշակները պարբերաբար ավելանում են, ձեր կենցաղը կամաց-կամաց բարելավվում է, ձեզ համար ի՞նչ տարբերություն ո՞վ է սոցիալական ապահովության նախարարը: Այ, եթե այստեղ լինի որևէ խաթարում` արդեն ձեզ պետք է հետաքրքրի: Կարծում եմ, մոտեցումն այսպիսին պետք է լինի: Իհարկե, գոյություն ունեն բարոյական խնդիրներ, գոյություն ունեն հասարակական հնչեղություն ունեցող հարցեր, բայց ես ասում եմ ընդհանուր մոտեցումը:


Արտակ Ալեքսանյան, Արմնյուզ հ/ը – Պարո՛ն Նախագահ, իմ հարցը վերաբերում է այն դրվագին, որ քիչ առաջ Դուք ինքներդ ասացիք: Նախընտրական շրջանում սովորաբար կոռեկտ եղաք բոլոր թեկնածուների վերաբերյալ, բացի մեկ էպիզոդից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքի առիթով ասել եք, որ դա արկածախնդրություն է: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում էր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և Ձեր կարծիքով, ինչո՞վ է վտանգավոր այս թեզը:

Սերժ Սարգսյան – Ինչո՞ւ միանգամից կտրուկ էր արձագանքը: Որովհետև դա նոր թեմա չի, և մենք բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումը բացատրել ենք: Խելամիտ պաշտոնյան, խելամիտ քաղաքական գործիչը մինչև որոշում ընդունելը, մինչև խոսելը չեմ ասում, մինչև որոշում ընդունելը՝ պետք է հասկանա, թե ի՞նչ արդյունքների է հասնելու, ի՞նչ գին է վճարելու այդ որոշումն իրականացնելու համար և ո՞ւր է հասնելու: Ես ուզում եմ, Արտա՛կ, որպեսզի բոլորս միասին մտածենք՝ ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Եթե այո, ասացեք, խնդրում եմ, արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Ի՞նչ է տալու, ուզում եմ մեկն ու մեկդ ինձ ասեք: Խնդրում եմ ասեք, ի՞նչ է տալու ԼՂ բնակչությանը ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը: Հարցը հռետորական չի, իրական հարց է: Այստեղ նստած եք մարդիկ, ովքեր արդեն 2 տասնամյակ է այդ խնդրի մասին խոսում եք, գրում եք, ասացեք, ի՞նչ օգուտ է տալու: Մի օգուտ ասեք: Եթե լռություն է, անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Այսինքն՝ որևէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաև համանախագահներին: Առավել ևս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որևէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տևող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է: Այսինքն, մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ: Պետք է տեսած լինես, որ իմանաս: Պատճառը սա էր, որ ես միանգամից կոշտ արձագանքեցի, որովհետև ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել: Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ և ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք և մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, և մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք: Մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք խոսում ենք արտագաղթի մասին, հրահրում ենք պատերա՞զմ: Մենք խոսում ենք մայրերին խրախուսելու մասին և ասում ենք պատերա՞զմ ենք սկսում: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին և այնպիսի անխոհեմ որոշմամբ ամեն ինչը դնում ենք վտանգի տա՞կ:

Արտյոմ Երկանյան, Շանթ հ/ը – Պարո՛ն Նախագահ, ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկը կասկածի տակ չի դրել Հայաստանի եվրաինտեգրացման, ինչպես նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելը: Գոնե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Ձեր առաջին այցերը ընտրվելուց հետո եղան, ինչպես և սպասվում էր, Մոսկվա և Բրյուսել: Ենթադրում եմ՝ Բրյուսելում քննարկել եք Հայաստանի՝ Եվրամիության ասոցացված անդամ դառնալու հեռանկարը և Մոսկվայում, իհարկե, նաև Եվրասիական միությանը և Մաքսային միությանը միանալու հնարավոր հարցերը: Կուզենայի Ձեր շուրթերից լսել, արդյո՞ք այստեղ համատեղելի են այս երկու գործընթացները, և արդյո՞ք կարող ենք հուսալ, որ դեկտեմբերին Հայաստանը կդառնա Եվրամիության ասոցացված անդամ:

Սերժ Սարգսան – Նախ, ես պետք է կրկնեմ, որ իմ առաջին արտասահմանյան այցելությունը եղավ Մոսկվա, որն օրինաչափ է: Օրինաչափ է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, իսկ դա նշանակում է, որ մենք շաղկապված ենք ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական անվտանգության խնդիրներով: Եվ պատահական չի, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր առևտրաշրջանառությունն ամենամեծն է: Այսինքն, մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են: Եվ նոր ընտրությունները ոչ մի բանի ավարտ չեն հայտարարում: Այսինքն, ընտրություններով ոչինչ չի վերջանում: Ընտրություններով նոր-նոր սկսվում է աշխատանքը: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից: Հարցը վերաբերում է և՛ գազին, և՛ նոր միջոցներին, Նաիրիտին, հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի: Իհարկե, հարցը վերաբերում է նաև քաղաքական ինտեգրացմանը, վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Մաքսային միությանը, վերաբերում է շատ կարևորագույն խնդրի՝ աբխազական երկաթուղու գործարկմանը: Այսինքն, հայ-ռուսական համագործակցության օրակարգն այնքան հարուստ է, որ մեկ այցելությամբ, նույնիսկ տևական զրույցով հնարավոր չի քննարկել հարցերի նույնիսկ մի չնչին մասը, նույնիսկ այն հարցերի, որ արժեր քննարկել նախագահական մակարդակով: Այնպես որ՝ բոլոր հարցերն էլ շատ թե քիչ շոշափել ենք, բայց որը՝ խորությամբ, որն էլ՝ մակերեսորեն: Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին: Այլ խնդիր են ինտեգրացիոն պրոցեսները: Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ: Ես սա ասացի, որպեսզի ընդգծեմ, որ մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաև եվրոպական կառույցների հետ: Եվ Բրյուսել այցելության նպատակը հենց դա էր: Գիտեք, ԵԺԿ գագաթնաժողովն էր: Բայց դա կուսակցական ժողով անվանելը մի քիչ հարաբերական է, որովհետև այնտեղ նստած էին եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարները, որոնց հիմնական մասը ներկայացնում են ԵԺԿ-ն: Եվ ինձ համար չափազանց հաճելի է, որ և՛ այնտեղ, և՛ ընդհանրապես ԵԺԿ ղեկավարի շնորհավորական ուղերձում Հայաստանը դիտարկվեց որպես մոդել, որպես օրինակ ուրիշների համար: Մենք սև-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և այդ պրոցեսում օգտագործի և՛ Մաքսային միության, և՛ Եվրասիական միության, և՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ և իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ:

Արտյոմ Երկանյան, Շանթ հ/ը-Ասոցիացիայի գաղափարը մինչև դեկտեմբեր…

Սերժ Սարգսյան – Ասոցիացիայի գաղափարը հետևյալն է՝ մենք արդեն ստորագրել ենք Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման պրոցեսների մասին պայմանագիր և եթե չեմ սխալվում, մինչև հունիսի 1-ը կոնկրետ ժամկետներ կան, Եվրամիության անդամ երկրները պետք է վավերացնեն այդ պայմանագիրն ու այն մտնելու է ուժի մեջ: Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք: Եթե չեմ սխալվում, այս շաբաթվա ընթացքում Երևան է ժամանելու Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի ավարտենք Ասոցացման համաձայնագրի մնացած ընդամենը մեկ գլուխը: Այսինքն, դա էլ արդեն գրեթե պատրաստ կլինի: Ասեմ նաև ապրիլի հավանաբար առաջին տասնօրյակում կամ երկրորդ տասնօրյակի սկզբներին Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, և Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին: Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ձեռքերը շփելով սպասում են սև-սպիտակի պատմությանը, սպասում են, թե երկրներից որը թշնամի կդառնա Հայաստանին: Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Ախր, այդ խնդիրը միայն Սերժ Սարգսյանը չի ունենալու, այդ խնդիրն ունենալու է ամբողջ հայ ժողովուրդը: Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ: Բայց որ թանկանա, իրենց համար լա՞վ է լինելու: Մի օրինակ էլ կարող եմ Եվրամիությունից բերել, բայց չեմ ուզում ծանրանալ սրա վրա: Մարդիկ շատ դեպքերում ղեկավարվում են չարությամբ: Սակայն իրականությունն է վկա՝ չար մարդիկ երբեք լուրջ հաջողությունների չեն հասնում: Նրանք կարող են կարճաժամկետ ընթացքում իրոք մեծ հաջողությունների հասնել, բայց երկարաժամկետ հատվածում նրանք չեն կարող հաջողություն ունենալ:

Գեղամ Մանուկյան, Երկիր Մեդիա – Հայաստանի խորհրդայնացման հետևանքների մասին կարելի է մեծ դիսկուրս անցկացնել, բայց, թերևս, տեղին չէ: Քիչ առաջ խոսեցիք կառավարության գործունեության մասին: Մի քանի ամիս առաջ շատ մեծ արձագանք ստացավ այդ հայտնի «ատկատների» շուրջ Ձեր ելույթը և իրար հաջորդող մի քանի ելույթներ: Դրան հետևեցին մի քանի ցուցադրական նիստեր՝ կառավարության, գործադիր մարմնի տարբեր կառույցների, բայց ամիսներ հետո, երբ ամփոփում ենք՝ գոմեշի մսի գործով գործն ամբողջությամբ մինչև վերջ բացահայտված չէ, մեկ-երկու հոգու հարց է, դեռ ավելին՝ բանտարկված մարդը նորից տենդեր է շահում: Դեղերի շուկայում, կարգավորման փոխարեն որոշ դեղերի գները բարձրացել են, պետգնումների համակարգում մեկ-երկու կադրային փոփոխություններից հետո, թեև շատ մեծ փոփոխությունների մասին էին ասում, ամեն ինչ, կարծեք, մնաց նույնը: Այդ ելույթներում Դուք մի քանի անգամ կրկնեցիք, որ պարբերաբար այդ հարցերին անդրադառնալու եք: Ի վերջո, մինչև ե՞րբ է շարունակվելու այդ աշխատաձևը՝ երբ կտրուկ հանձնարարություններ են լինում, մի քիչ դրա շուրջ ակտիվացում է լինում, հետո ամեն ինչ հանդարտվում է, ամեն ինչ գնում է նույն հունով:

Սերժ Սարգսյան – Կարծում եմ, ուղղակի մի քիչ գույները սևացնում եք: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես մեր երկրում փոփոխություններ չեն եղել: Եթե եղել են, ուրեմն որոշակի հանձնարարականներ կատարվել են, իսկ եթե չեն եղել, ես լավ չեմ հասկանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ հեռուստաընկերություններից գոնե երկուսը ինչ ասես կարող են Հանրապետության նախագահի, վարչապետի, բոլորի հասցեին ասել, ազատության աստիճանն այնքան մեծ է, որ դա ամենաանվտանգ զբաղմունքն է դարձել: Չգիտեմ, եթե այդ ոլորտում ոչինչ չի փոխվել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետության նախագահին գրպանահատ են անվանում, այս բառը հնչեցնող հեռուստաընկերության ներկայացուցիչը նստած է նախագահականում և հարց է ուղղում Հանրապետության նախագահին: Արդյո՞ք հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, տասը տարի առաջ այդ բաները հնարավոր էին: Ես կարող եմ նաև տասնյակ այլ բաներ ասել: Ասածս հետևյալն է՝ մեր երկիրը փոփոխվում է, ով աչք ունի՝ կտեսնի: Ով աչք ունի և ցանկություն ունի՝ շատ կտեսնի: Իսկ ով չունի՝ առավոտից երեկո կարող է ասել, որ ոչինչ չի փոխվել: Կոնկրետ այդ խորհրդակցության հետ կապված՝ նախ պետք է տեղեկացնեմ, որ մեկ-երկու հոգու չեն հարցաքննել գոմեշի մսի պատմության հետ կապված, այլ հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ: Ի գիտություն Ձեզ ասեմ, որ դա շատ դժվարին աշխատանք է, այդքան հեշտ չի, առավել ևս, որ գոմեշի մսի խնդիրը բարձրաձայնել է ձեր դիմաց նստած մարդը, այսինքն՝ ես, և ոչ թե ուրիշ որևէ մեկը, և այդ գործն ունենալու է իր ավարտը՝ դատական ավարտը: Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, բայց գոմեշի մսի պրոբլեմն այն պրոբլեմը չի, որ հեռուստաընկերությունները և մեր տպագիր, էլեկտրոնային մամուլը փորձում են շրջել և այլ տեսանկյունից ներկայացնել, իբրև թե՝ գոմեշի միսը օձի կամ թունավոր միս է: Հարցն այլ կերպ էր հնչել: Ես այլ կերպ եմ խնդրին մոտեցել: Հաջորդ՝ մեր խորհրդակցությունից հետո, որտեղ, ի դեպ, խոսակցությունը միայն «ատկատների» մասով չի գնացել, հսկայական աշխատանք է կատարվել: Հաստատվել է նոր կանոնակարգ: Այդ կանոնակարգը բարեփոխվել է, որպեսզի լինի ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի: Ես վստահ եմ, եթե Դուք հարց ուղղեք վարչապետին, վարչապետը մանրամասնորեն կասի: Ես չեմ ուզում այսօր այստեղ այդ մանրամասների վրա ժամանակ ծախսել: Եվ ի գիտություն Ձեզ՝ մեկ, երկու հոգի չեն փոխվել: Եվ ընդհանրապես այդ գործակալությունում կամ այդ գործով հազարավոր մարդիկ չեն զբաղվում: Երեք տասնյակ մարդիկ էին կազմակերպում այդ հարթակի աշխատանքները և հիմա էլ են այդքան մարդիկ կազմակերպում և դրանց առնվազն 1/3-ը փոխվել է: Հիմա ի՞նչ խնդիր կա: Որպես նախնական արդյունք, մենք, օրինակ, Պաշտպանության նախարարության 24 մլրդ մրցույթներում ունեցել ենք 2,5 մլրդ-ի տնտեսում: Առողջապահության ոլորտում անցկացված, եթե չեմ սխալվում 1,4 մլրդ-ի մրցույթի գործընթացում ունեցել ենք 240 մլն-ից ավելի տնտեսում և այդպես շարունակ: Ի գիտություն Ձեզ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված է մոտավորապես 350 մլրդ դրամ պետական գնումների համար: Ես ձեզ վստահեցնում եմ` առանց շատ լուրջ ջանքեր գործադրելու, ի նկատի ունեմ՝ ձեզ համար տեսանելի ջանքեր, մենք տարվա վերջին ունենալու ենք 35-40 մլրդ դրամ տնտեսում: Դա արդյունք է, թե՞ արդյունք չի: Թե՞, ուղղակի, մենք ասում ենք, օդը տատանվում է, մարդիկ մի քիչ վախենում են, հետո գնում ենք: Այդպես չի: Բայց նաև խորապես համոզված եմ, որ իմ ոչ բոլոր ցուցումներն են կատարվում, և ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում: Իհարկե, այդպես պետք է լինի: Եթե ես միջին չափի, փոքր, փոքր խնդիրներ դնեմ, բոլորն էլ կլուծեն: Հանրապետության նախագահը նրա համար է, որպեսզի այնպիսի մի նշաձող սահմանի, որ դրան հասնելն ու անցնելը շատ դժվար լինի: Սա էլեմենտար քաղաքականություն է, սա էլեմենտար կառավարման տեխնոլոգիա է: Ու շատ-շատերն օգտվում են և սկսում են ամեն ինչ սևացնել: Դա է աշխատանքի ձևը, և այդ ձևն էլ շարունակվելու է: Իհարկե, կատարողական կարգապահությունն ավելի ուժեղանալու է: Ես կարծում եմ, որ ընդհանրապես իմաստ ունի 2013թ. արդյունքներով դուք, որպես հեռուստաընկերություն, ուսումնասիրեք, այնուհետև, եթե հարցեր կունենաք, մենք կզրուցենք: Ինչ վերաբերում է դեղերի էժանանալուն: Ես այդպիսի բան կառավարության նիստում չեմ հայտարարել: Ես դրա մասին ասել եմ քարոզարշավի ընթացքում, նշել եմ կոնկրետ ժամկետներ, ցավոք սրտի, Դուք տեղյակ չեք դրանից, որովհետև ձեր եթերում ես չեմ տեսել, չեմ լսել: Այդ որոշակի ժամկետներում ես ձեզ խոստանում եմ, որ այդ սոցիալական փաթեթն անպայման լինելու է: Իսկ ինչ վերաբերում է գնաճին, ես ասացի իմ խոսքի սկզբում և հիմա էլ ձեզ համար ուզում եմ կրկնել՝ մեր երկրում 2012թ-ին մեծ գնաճ չի եղել: Բյուջեով նախատեսված սահմաններում է եղել: Եղել է 3-3,5 տոկոսի միջակայքում: Հիմա ստույգ ամեն ինչը կճշտեն, և կլինի պաշտոնական հաղորդագրություն: Ասածս չի նշանակում, որ բացառված է դեղատեսակներից որոշները թանկացած լինեն: Հնարավոր է: Բայց եթե ուշադիր լինեիք, որոշներն էլ էժանացել են: Ես դա անձամբ գիտեմ: Ասածս չի նշանակում, որ մեր երկրում ապրանքներն էժանանում են: Դա շատ դժվար գործընթաց է և աշխարհում ընդհանրապես քիչ ընդունված: Հիմա այստեղ դրա մասին չխոսենք: Ասածս հետևյալն է, Գեղա՛մ ջան, իրոք, որոշակի փոփոխություններ եղել են` ոչ այնքան արագ և ոչ այն չափերով, որ առաջին հերթին ես եմ ցանկանում, բայց, իրոք, մենք նաև դրականը պետք է տեսնենք: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետև Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետևանքով: Եթե մի քիչ նեղություն տաք ձեզ, տեսնեք, թե արտագաղթողներն ո՞ւր են գնում և համոզվեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը գնում է Ռուսաստան, ապա պիտի եզրակացնեք, գոնե այս պարզ տրիվիալ բանը պետք է տեսնեք, որ հայերի համար Ռուսաստանում արդարությունն ամենահասանելին չի, որ Հայաստանում հայի համար արդարությունն ավելի հասանելի է, քան Ռուսաստանում: Եթե պատճառը դա է, ապա ինչո՞ւ են գնում Ռուսաստան: Իսկ այն մարդիկ, ովքեր 16 ժամ աշխատում են, եթե Հայաստանում 16 ժամ աշխատեն, չե՞ն կարող իրենց ընտանիքները պահել: Կարող է մի փոքր քիչ ստանան, ինչին ես կասկածում եմ, բայց հնարավորություն կունենան իրենց ընտանիքները պահելու: Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են: Դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն՝ ասում են պատահականություն է: Ֆուտբոլում հաղթում ենք, իրար հետևից և ուժեղ թիմերի՝ ասում են բախտները բերեց: Ինչ անում ես՝ բախտները բերեց կամ պատահականություն է: Ափսոս է մի անգամ էլ ձեր բախտը բերի: Բերում է այն մարդու բախտը, ով առավոտից երեկո բախտի հետևից վազում է, այլ ոչ թե նստում է թախտին, սպասում բախտին: Օգնեք խնդրում եմ, բոլորիդ է վերաբերում, փոխենք այս մթնոլորտը: Ես իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտոնյաները հոգատար վերաբերմունք ցուցաբերեն և ոչ թե հոգատարություն խաղան: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտոնյաները կաշառք չվերցնեն, բայց օգնեք բացահայտենք կաշառակերներին: Որոշ լրատվամիջոցներ օրինակներ են բերում 2000 դրամ, 3000 դրամ: Եղբա՛յր, դա՞ է մեր երկրում ամենամեծ կաշառակերությունը: Դա՞ է մեր պրոբլեմը: Գիտե՞ք, մարդիկ, օրինակ 10 մարդ, որ կգան ցուցմունք կտան դատարանում կաշառակերության մասին: Գիտե՞ք: Ում ասում ես, ականջիդ ասում է, բայց հետո հրաժարվում է հրապարակավ ասել: Եթե չկա քաղաքացիների ակտիվությունը, ինչպե՞ս վարվեմ: Եթե չկա ձեր օժանդակությունը, միայն խոսում եք, կոնկրետ չեք օգնում, ինչպե՞ս դա անեմ: Անելու եմ, բայց եթե օգնեք, ավելի արագ մեր գործը կստացվի:

Քրիստինե Սուքիասյան, Կենտրոն հ/ը – Պարո՛ն Նախագահ, առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Ինչպես հայտնի է, որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցության մասին, այդ թվում՝ առաջ քաշելով նաև իրենց թեկնածուներին: Ինչպիսի՞ համագործակցության եզր եք տեսնում այլ քաղաքական ուժերի հետ ու նաև մրցակցային ի՞նչ մթնոլորտ է ապահովվելու՝ հաշվի առնելով այն, որ գործող քաղաքապետը Հանրապետական կուսակցության անդամ է:

Սերժ Սարգսյան – Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ կոնկրետ ընտրական գործընթացում: Ընդհանրապես, պատրաստ ենք համագործակցելու, բայց այս գործընթացում պատրաստ ենք շատ սերտ համագործակցելու: Այստեղ ուզում եմ մի թեմայի անդրադառնալ, որ ինձ շատ է մտահոգում: Ես հասկանում եմ Ձեզ էլ է հետաքրքրում, դրա համար էլ այդ հարցը տվեցիք: Ի՞նչ է նշանակում ընտրական պրոցես. նշանակում է ընտրողների, քաղաքացիների մասնակցություն: Ընտրական պրոցեսին մասնակցում են պետական մարմիններ, պետական օղակներ, մասնակցում են նաև քաղաքական ուժեր: Վերջինները մասնակցում են իրենց կուսակցականների միջոցով և դա անում են հանձնաժողովներին անդամներ տրամադրելով և վստահված անձանց ձևով: Համաձա՞յն եք ինձ հետ: Ուրեմն, կուսակցությունը ընտրությունների որակի մասին ինֆորմացիան առաջին հերթին ումի՞ց պետք է ստանա: Պետք է ստանա իր կուսակցականներից, ում ուղարկել է այդ հանձնաժողով: Ի՞նչ պատկեր ունենք հիմա: Նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը և ընդդիմադիր երեք կուսակցություններ ունեին, այսպես ասենք, 7000-ի մոտ ներկայացուցիչներ: Մենք ունեինք 1988 ընտրական տեղամաս: 1988 ընտրական տեղամասի նախագահների և քարտուղարների կեսը «Ժառանգություն» և գումարած երեք ընդդիմադիր կուսակցություններն էին: Այսինքն, ունենալով հանձնաժողովներում ղեկավարության ուղիղ կեսը, ունենալով հազարավոր ներկայացուցիչներ այդ հանձնաժողովներում՝ ընդամենը մեկ հոգի է դիմել վերահաշվարկի պահանջով: Իսկ ընտրական տեղամասերում աշխատել են Հայաստանի Հանրապետության 15000 քաղաքացիներ, հանձնաժողովի անդամներ՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն և գումարած այս չորս կուսակցությունները: Ընտրական տեղամասերում աշխատել են զանգվածային լրատվամիջոցների գրեթե 2000 ներկայացուցիչներ: Ընտրական տեղամասերում աշխատել են միջազգային 640 դիտորդ և 6000-ին մոտ տեղական դիտորդ: Այսինքն, յուրաքանչյուր ընտրական տեղամասում կարող էր աշխատել 2-3 մարդ և աշխատել է: Եվ այդ պարագայում, երբ կուսակցությունները վարկաբեկող հայտարարություններ են անում ընտրությունների մասին, ես չեմ կարծում, որ դրանով իրենք բարձրացնում են իրենց կուսակցությունների հեղինակությունը: Լավ, կուսակցության 3000 անդամ աշխատել է այդ հանձնաժողովներում, ի՞նչ է՝ այդ 3000 անդամները կամազուրկ մարդի՞կ են: Այդ 3000-ը կաշառակե՞ր են: Այդ 3000-ը անբա՞ն են, թե կապ չկա կուսակցության ղեկավարության և կուսակցականների միջև, գուցե ա՞յլ հանգամանքներ: Դե, եթե այդպիսի իրավիճակ է, եթե Նախագահի թեկնածուներից մեկ ուրիշը հաղթեր, այդպիսի կուսակցականներով, այդպիսի մարդկանցով ինչպե՞ս էր կառավարելու Հայաստանը: Եթե մարդը չունի 10, 15, 20 վստահված անձ, ով կարող է գոնե 20 տեղամասում կանգնել, կրծքով փակել յուրաքանչյուր ընտրախախտի ճանապարհը… Սա ինչի՞ համար եմ ասում, որովհետև ես վստահ եմ, որ եթե Երևանի ավագանու ընտրությունները լինեն, ներողություն օտարալեզու բառիս համար, նույնիսկ ստերիլ, ապա միևնույն է, հավատացեք, որ գտնվելու են քաղաքական ուժեր, ովքեր վարկաբեկելու են այդ ընտրությունները: Իմ մտադրությունը, իմ ցանկությունն այնպիսին է, որ Երևանի ընտրություններն իրենց թափանցիկությամբ, արդարությամբ, որակով գերազանցեն նախագահական ընտրություններին: Եվ կարծում եմ, որ այդպես էլ լինելու է: Ես կարծում եմ, որ առաջադրելով յուրաքանչյուրս մեր թեկնածուներին, չի նշանակում, որ անպայման պետք է թշնամություն անենք, չի նշանակում, որ իրար պետք է վարկաբեկենք, մանավանդ, որ վստահ եմ՝ արժանի մարդիկ են առաջադրվելու: Մենք՝ որպես Հանրապետական կուսակցություն, մեր որոշումն արդեն կայացրել ենք: Մեր ցուցակն ամբողջովին պատրաստ է: Մեր ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որևէ քայլ նրա կողմից չեմ տեսել: Որևէ մեկը, կարծում եմ, օբյեկտիվ լինելու պարագայում, չի կարող ասել, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը հղփացել է, որևէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը մեծ թվով թիկնապահներով է շրջում: Որևէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը կտրվել է ժողովրդից և որևէ մեկը, օբյեկտիվ լինելու պայմաններում, չի կարող ասել, որ այսօրվա Երևանն ավելի վատն է, քան անցյալ տարվանը, նախանցյալ տարվանը, քան 5 տարի առաջվանը: Եվ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միաձայն որոշել ենք Տարոն Մարգարյանին առաջադրել քաղաքապետ, ի տարբերություն մնացած այլ քաղաքական ուժերի, ովքեր միգուցե ցուցակի առաջատարին արդեն որոշել են, բայց դեռևս չեն որոշել, թե ո՞վ պետք է լինի Երևանի քաղաքապետը: Այսինքն, երևանցին պետք է քվեարկի այդ ցուցակի համար՝ չիմանալով, թե առաջին հերթին ո՞վ է լինելու իր կենցաղային հոգսերը հոգացողը: Առավելությո՞ւն է դա մեզ համար, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Եվ այսպիսի բազմաթիվ առավելություններ մենք ունենք: Դրա համար էլ ես վստահ եմ, որ Երևանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին: Դեռևս չի սկսվել ընտրապայքարը, դրա համար էլ ես հանգիստ կարող եմ սա ասել: Կարծում եմ մենք լավ ընտրություններ ենք ունենալու:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթ – Պարո՛ն Նախագահ, պաշտոնյաները երկու տարվա ընթացքում խոսում են բիզնեսը և քաղաքականությունը բաժանելու մասին և նաև Դուք եք խոսել այդ մասին, նաև խոսում էիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որ օլիգարխների, հարուստ պաշտոնյաների մուտքը խորհրդարան արգելվելու է, չի թույլատրվելու: Բայց նրանք, այնուամենայնիվ, մտան խորհրդարան: Ի՞նչն էր խանգարում Ձեզ Ձեր կուսակցության մասով հորդորել Հանրապետական օլիգարխներին՝ չմտնել խորհրդարան և ի՞նչն է խանգարում հիմա, որ Դուք դա անեք, հորդորեք, խնդրեք, որ նրանք դուրս գան խորհրդարանից և հնարավորություն տալ, որ խորհրդարանում աշխատեն ավելի կրթված, ավելի զարգացած մարդիկ, որովհետև նրանց կրթական ցածր մակարդակը և նրանց ներկայությունը խորհրդարանում զայրացնում է մարդկանց:

Սերժ Սարգսյան- Նախ պետք է ասեմ` ինձ համար տարօրինակ է, երբ ինձ այդպիսի հարց եք տալիս: Որովհետև Դուք չեք կարող նշել այդպիսի մարդկանց` Հանրապետական ցուցակը մատնանշելով: Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ, և դա մեր դիրքորոշումն է: Այսինքն` կուսակցության դիրքորոշումը խնդրի, կոնկրետ պարագայում՝ խորհրդարանի մասով, ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Այո, ես դրա մասին ասել եմ և իրագործել եմ ասածս: Ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական որևէ գործարար չի գալու: Գործարար ասածը ոչ թե իրականության մեջ, այսինքն՝ այդպես ընկալվող, թեև փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն, բայց իրականության մեջ, այո, զբաղվող: Ես այդպես չեմ ասել և չէի էլ կարող ասել: Ինչու չէի կարող ասել, որովհետև ինձ ճանաչողները շատ լավ գիտեն` ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դա ծայրահեղ անհրաժեշտությունը չի, այլ այնպես, ինչպես հիմա ասացիր` խնդրանքով, հորդորով: Բայց խնդրել, հորդորել չես կարող բոլորին կամ բոլորի առջև փակել խորհրդարանի դուռը: Մենք մեր ասածն արել ենք: Մնացած քաղաքական ուժերն էլ թող գան, հասնեն մեզ, և այս պարագայում կարծում եմ, որ խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի, ինչպես ասացիր քո խոսքում: Թեև, նորից եմ կրկնում, ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք: Բայց մենք նաև մեկ այլ խնդիր էլ ենք լուծել և շարունակելու ենք լուծել: Մենք, այստեղ արժե անգամով էլ ասել՝ 4,5 անգամ ավելացրել ենք Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կանանց թիվը խորհրդարանում: Մենք մեր համամասնական ցուցակում ընդգրկել ենք անկուսակցականների, մեր համամասնական ցուցակում ընդգրկել ենք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և նպատակը հենց դա էր, որպեսզի խորհրդարանը լինի հասարակության արտապատկերը: Այդպես պետք է լինի: Եթե բոլորը մտածում են, որ խորհրդարանում պետք է հավաքվեն ամենախելացի մարդիկ, մեր հանրապետության բոլոր ամենալավ մարդիկ, միգուցե ես սխալվում եմ, բայց ես այդպես չեմ համարում: Ես համարում եմ, որ, իրոք, խորհրդարանը պետք է լինի հասարակության արտապատկերը: Իհարկե, անպայման պետք է խորհրդարանը քայլ առաջ լինի բոլոր պրոցեսներից, նաև իր կարողություններով, բայց եթե այնտեղ հավաքենք միայն գիտնականների, այդպիսի խորհրդարանը չի կարող իր դերը կատարել: Խորհրդարանականների գործը միայն օրենք ընդունելը չէ: Խորհրդարանի դերակատարությունը շատ ավելի բարձր է: Օրինակ, իմ կարծիքով, հասարակական համերաշխության ձևավորման գործում խորհրդարանն ուղղակի անգնահատելի դերակատարություն պետք է ունենա: Ցավոք, մեր իրականության մեջ հակառակն է: Որովհետև բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր քիչ են ներկայացված խորհրդարանում, համարում են, որ ընտրությունները կեղծվել են, որ իրենց խաբել են, որ իրենք անմասն են մնացել: Այդ չարությամբ գնում են խորհրդարան և իրենց խնդիրն են համարում առավոտից երեկո միայն չարախոսելը: Գիտեք, պետք է անդրադառնամ այդ թեմային. իրոք, մեր երկրում, ցավոք սրտի, չարախոսությունը փոխարինել է առողջ քննադատությանը: Մեր երկրում բարությունը չի գնահատվում, հասկանո՞ւմ եք: Ձևական բարեգործությունը դարձյալ փոխարինել է բարիությանը և բարեգործությանը: Նորից եմ կրկնում՝ իհարկե, այդ գործերի համար թիվ մեկ պատասխանատուն ես եմ, ամենամեծ պատասխանատուն իշխանությունն է, բայց միա՞յն իշխանությունն է, այլ քաղաքական ուժեր այստեղ առնչություն չունե՞ն, լրատվամիջոցներն այստեղ որևէ մասնակցություն չպե՞տք է ունենան: Ընդհանրապես, քաղաքացիական հասարակությունը որևէ մասնակցություն չպե՞տք է ունենա: Ես կարող եմ թվարկել մարդկանց, ովքեր 10 տարվա ընթացքում մի դրական բան չեն տեսել այս երկրում, գոնե մեկ դրական բան: Կարող եմ լրատվամիջոցներ թվարկել, որոնք ևս մեկ դրական բան չեն տեսել: Կոչ չեմ անում իրենց չհայհոյել ինձ, իմ թիմակիցներին, ուրիշներին, իմ եղբայրներին, իմ երեխաներին: Եթե ես ստանձնել եմ Հանրապետության նախագահի պաշտոնը` պարտավոր եմ կուլ տալ ցանկացած դառը բան: Բայց բոլորը չեն չէ՞ ստանձնել Հանրապետության նախագահի պաշտոնը: Ինչո՞ւ մարդը, ով չի ուզում դասադուլի գնալ, չի ուզում դասադուլ անել, պետք է ծաղրանքի ենթարկվի: Եվ իրենց անաչառ համարող մարդիկ լռեն, ինչո՞ւ ոչ ուսանողը պետք է գա ուսանողին պարտադրի դասադուլ անել: Բա դա միայն ի՞մ գործն է: Ինչո՞ւ պետք է ուրիշները շանտաժի միջոցներ կիրառեն ու դրանում մեղադրեն պետությանը, ինչու: Բոլորս միասին չէ՞ պետք է այդ գործն անենք: Սա միայն իշխանության երկիրը չէ, միայն իմ երկիրը չէ` բոլորիս երկիրն է: Ինչո՞ւ 20 մարդ չի գնում այնտեղ և ասի` ինչու եք այստեղ նստել, ա՛յ ոչ ուսանողներ, ինչո՞ւ եք եկել Երևանի պետական համալսարանում ստիպում եք այս մարդկանց դասադուլ անել: Որովհետև դուք ժամանակին մինչև վերջ չե՞ք սովորել այստեղ, վիրավորվա՞ծ եք այս բուհից, թե՞ ձեզ խնդրել են, որ այդպես անեք կամ վճարել են, որ այդպես անեք: Ախր, պետք է հասարակությունը ակտիվ լինի: Չի կարող այլ կերպ լինել: Եվ ամբողջ մեղքը դնենք պատգամավորների վրա՞ ու ասենք, որ եթե այսպիսի պատգամավորներ չլինեին մեր երկիրը միանգամից դրախտի կնմանվեր: Իրականությանը չի համապատասխանում: Ես գիտեմ բազմաթիվ հարուստ մարդկանց, ում միտքը պայծառ է, ովքեր ազնիվ մղումներ ունեն: Ես հարուստների պաշտպանը չեմ, ես չեմ ասում` բոլոր հարուստները լավ մարդիկ են, բայց չի կարելի ասել, եթե դու հարուստ ես, ուրեմն օլիգարխ ես, չի կարելի ասել եթե դու հարուստ ես, դու վատ մարդ ես, եթե դու հարուստ ես, դու իրավունք չունես պատգամավոր լինելու: Ինչ է ստացվում` մենք 70 տարի խոսել ենք, որ հարուստ լինելն ընդհանրապես վատ բան է, հետո մի 15-16 տարի խոսել ենք, որ, ախր, հարուստ լինելը լավ բան է: Հիմա էլ նորից վերադառնանք, ասենք, որ հարուստ լինելը վատ բան է: Ուղղակի, իմ կարծիքով, պետք է ասենք, որ հարստություն դիզելու ճանապարհը պետք է ազնիվ լինի: Եվ ոչ թե այդ կարգավիճակը համարենք վատ բան: Ասածս հետևյալն է` ես ինչ խոստացել եմ` կատարել եմ: Ապագայում մենք ավելի ենք բյուրեղանալու: Ապագայում, նորից եմ ասում, գոնե խորհրդարանում մենք չենք ունենալու մարդ, ում ժողովուրդը կամ լրատվամիջոցները, նույնիսկ եթե իրականության մեջ նրանք այդպիսին չեն, անվանում է օլիգարխ: Չենք ունենալու: Բայց միանգամից վերցնել, կտրել` կարող է խնդիրներ ունենանք: Ես կարծում եմ, որ դուք շատ լավ գիտեք, որ մեր տարածաշրջանում եղել են ղեկավարներ, ովքեր փորձել են կտրուկ փոփոխություններ անել, դրանից միգուցե ժողովրդի մի հատվածը կարճաժամկետ ընթացքում շահել է, բայց շատ բան են կորցրել: Ես չեմ ուզում մեր եղածը կորցնենք, ես չեմ ուզում վտանգի ենթարկել մեր երկիրը միայն նրա համար, որ ասեն` նայեք, տեսեք ոնց կտրեց, ոնց տվեց, սպանեց: Ով չի հասկանում, որ Հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է: Ով չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել: Բայց չեմ ուզում դա անել, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա: Ճիշտ ճանապարհը սա է, սա իմ գործելաոճն է: Եթե մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները ուզում էին մարդու, ով թուրը վերցրած առավոտյան գործի կգար Բաղրամյան փողոցում արդեն մի քանի մարդու գլուխ թռցնելուց հետո, թող այդպիսի մարդու ընտրեին, գտնեին` ընտրեին: Ես կտրուկ բաների չեմ գնալու, որովհետև դրանք հղի են վտանգներով: Ես շտապելու եմ դանդաղ:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթ - Կներեք, խոսքը, կոնֆլիկտների, բախման մասին է: Շահերի բախման մասին, այսինքն՝ ոչ թե հարուստ մարդը, այլ բիզնեսմենը: Եթե ես օղու բիզնեսմեն եմ, ես ընդունելով օրենքներ օղու մասին՝ դրա մասին չեմ մոռանա:

Սերժ Սարգսյան- Համաձայն եմ, բայց չի կարող խորհրդարանի 131 պատգամավորներից 66-ը ունենալ օղու բիզնես: Հիմա կասեք` մեկն էլ մեկ ուրիշ բիզնես ունի, ընդհանուր շահերով կմիավորվեն: Դրա համար գոյություն ունի կուսակցություն, դրա համար գոյություն ունի քաղաքական ղեկավարություն, դրա համար գոյություն ունի կառավարություն, որպեսզի այդ խնդիրները հենց այդպես չլուծվեն: Միգուցե ես իրավունք չունեմ այդպես ասելու, որ խորհրդարանում օղու բիզնեսով 2-3 զբաղվողներ կան, ոչ` ես ասում եմ, որ խորհրդարանում մարդկանց պատկերացմամբ օղու բիզնեսով 2-3 զբաղվողներ կան: Նրանք չեն կարող եղանակ ստեղծել, չեն կարող: Նրանք, միգուցե, ավելի շատ իրենց պաշտոնը փորձում են օգտագործել այլ մարմինների հետ իրենց հարաբերություններում, միգուցե, այդ պաշտոնը նրանք փորձում են օգտագործել իրենց ունեցածի ապագան ավելի անվտանգ դարձնելու: Այսինքն, այստեղից եզրակացությունը ո՞րն է. եթե մենք կարողանանք նաև արագ տեմպերով կատարելագործել մեր վերահսկող, ֆիսկալ մարմինների աշխատանքը, եթե մենք կարողանանք մեր մարդկանց գիտակցության մեջ մտցնել, որ սեփականության իրավունքն անձեռնմխելի է Հայաստանում, ինքնըստինքյան այդ մարդիկ խորհրդարանից դուրս են գալու, որովհետև դրա անհրաժեշտությունն այլևս չկա: Սա է զարգացման տեսլականը: Այլ ոչ թե կանչես, ասես` Պողո՛ս Պողոսյան, դու իրավունք չունես պատգամավոր դառնալու, գնա: Պողո՛ս Պետրոսյան, դու էլ չունես, դու սա ես, դու նա ես… Այդ դեպքում մենք ինչո՞վ ենք տարբերվելու բոլշևիկներից, որ կանչում էին 37 թվականին և ասում, որ դու վատ երաժշտություն ես գրել, հակասովետական երաժշտություն ես գրել: Հետո՞: Մենք անպայման պետք է մեզ վրա վերցնենք դատավորի ֆունկցիանե՞րը: Դրանից հասարակությունն ավելի համերա՞շխ է դառնալու: Լավ, վերցրինք և ուժով 10 հոգու վտարեցինք: Կարող է 1000, 5000 հոգի ծափ տան, հասարակությունը ավելի համերա՞շխ է դառնալու: Բայց մեր նպատակը, թիվ մեկ նպատակը պետք է լինի հասարակության համերաշխությունը, չէ՞: Ես այդպես եմ կարծում: Ես իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ այս հասարակությունը լինի համերաշխ:

Գագիկ Մկրտչյան, «Հայոց աշխարհ» թերթ - Կցանկանայի անդրադառնալ դանդաղ շտապելու մասին Ձեր արտահայտությանը: Տեսեք, այսօր լրացավ նախագահական ընտրություններից հետո մեկ ամիսը, բավականաչափ բարդ ամիս, հագեցած ամիս, բայց համաձայնեք, որ սովորական քաղաքացուն, սովորական մարդուն ավելի շատ հետաքրքրում են իր ընտանիքի խնդիրները, իր օրվա հացը հայթայթելը և այլն: Նախընտրական փուլում բավականաչափ հետաքրքիր, հավակնոտ ծրագրեր ներկայացվեցին, Ձեր գնահատմամբ, ե՞րբ կարող է քաղաքացին իր մաշկի վրա զգալ դրական տեղաշարժերը, առաջին տեղաշարժերը, թեկուզ փոքր քայլերը, բայց ե՞րբ կարող է զգալ:

Սերժ Սարգսյան – Գագի՛կ, ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը գնալով պակասելու է, վատ առումով չեմ ասում: Ընդհակառակը, ես համարում եմ, որ դեռևս շատ տևական ժամանակահատվածում Հայաստանում դժգոհողների թիվը գնալով միայն ավելանալու է, շատ է ավելանալու, ավելանալու է պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվը, պրոբլեմների վերացման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են: Մենք պիտի նայենք, թե մնացած ժողովուրդներն ի՞նչ ճանապարհ են անցել: Ես չեմ ասում, որ մեզ մի երկու հարյուր տարի է պետք, որ հասնենք ժողովրդավարության, բայց ասում եմ՝ ետ նայենք, տեսնենք Ֆրանսիայի պես երկրում օրինակ Սարկոզիին 27 տոկոս ձայն են տվել: Դա ի՞նչ է նշանակում: Որ գոնե քվեարկողների 73 տոկոսը դժգոհ է եղել, չէ՞ այդ մարդու աշխատանքից, թե՞ այնտեղ էլ են ուրիշ խնդիրներ եղել: Կարծում եմ, որ գոնե մեր քաղաքացիները Ֆրանսիայի վրա չեն կասկածում: Այդպես է, թե՞ այդպես չէ: Այսինքն, իշխանավորը, առաջին հերթին, Հանրապետության նախագահը երբեք չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը քչանալու է: Սա չի նշանակում, որ մենք առաջնային չպետք է համարենք աղքատության վերացումը, սոցիալական խնդիրները: Իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն է, այդ ոլորտում աղքատության կրճատումը: Իհարկե դա մենք պիտի անենք, բայց այդ զգալը մի քիչ հարաբերական է: Հարաբերական է, որովհետև վիճակը լավանալուն զուգահեռ ավելանում են պահանջները: Մենք խնդրին կարող ենք մոտենալ հետևյալ կերպ՝ գնաճը ավելի՞ բարձր է, քան աշխատավարձի աճը, թե՞ հակառակը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ աշխատատեղերի քանակն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում, և միջին աշխատավարձը որքա՞ն է: Սրանք մի քանի չափանիշներ են: Եթե սա նկատի ունես, ապա ասեմ, որ որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ողջ ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք թոշակները, կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը: Եվ դա ես չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում, թեև, կոպիտ ասած, բոլոր խոստումները ժողովրդին կաշառքի ձև են, բայց լավ առումով: Ասվածը չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագրեր չունենք: Ծրագրերից մեկի մասին ես ասացի ընդհանուր գծերով՝ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Բայց պարզ է, որ մենք միջին աշխատավարձի չափը բարձրացնելու, թոշակները ավելացնելու, սոցիալական այլ ծրագրեր ունենք: Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Բայց ի տարբերություն ուրիշների, մենք պարտավոր ենք մանրամասն հաշվարկներ կատարել, նոր միայն խնդրին մոտենալ: Եվ կարծում եմ, որ այդ բարձրացումը լինելու է շոշափելի: Այնտեղ քննարկվում է նաև թոշակների բարձրացման խնդիրը: Հիմա կարող է շատերն ասեն՝ այս ի՞նչ տարօրինակ մարդիկ են, աշխատավարձ են բարձրացնելու, թոշակ են բարձրացնելու, բայց դրա մասին քարոզարշավի ժամանակ չեն հայտարարում: Այո, այդպես է, որովհետև այդ մասին մենք խոսել ենք դեռևս տարվա սկզբին: Մարդկանց մի քիչ թոշակ ես բարձրացնում, մի քիչ աշխատավարձ ես բարձրացնում և ամեն անգամ այնքան ես դրա մասին խոսում, կարծես թե գրպանիցդ ես այդ մարդկանց լավություն անում: Գործընթաց է, որ պիտի առաջ գնա: Երկրի զարգացում՝ նաև դա է նշանակում: Եվ, եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգալ, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեև, իհարկե, աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Այսինքն, մարդը գոնե նվազագույն հնարավորություն պետք է ունենա իր ընտանիքը սեփական աշխատանքով պահելու, իր ընտանիքի հոգսերը հոգալու: Այնպես, որ կարծում եմ, մարդկանց որոշ մասը անմիջականորեն որոշակի դրական փոփոխություններ զգացել է, նորից եմ կրկնում՝ խոսքս բոլորին չի վերաբերում, և խոսքս նրա մասին չի, որ մեր բնակչության 1/3-ը աղքատ չի: Մենք առաջ ենք շարժվելու շատ ավելի արագ տեմպերով, քան նախկինում, որովհետև մենք կարողացել ենք արդեն ամբողջովին հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: Բոլոր նրանք, ովքեր կողքի կանգնած խոսում էին, թե ի՞նչ նշանակություն ունի ճգնաժամ կա, թե ոչ, թող այսօր դատեն Եվրոպայի տնտեսության աճի մասին, թող հիմա դատեն աշխարհի տնտեսության աճի մասին: Իհարկե, ունի նշանակություն: Ո՞նց կարող է չունենալ: Այսինքն, մեր տնտեսությունն էլ այնքան կայուն ու այնքան մեծ է, որ աշխարհի պրոցեսներից դու՞րս է: Ավելի արագ տեմպով և ավելի շոշափելի:

Ֆլորա Նախշքարյան, «Գոլոս Արմենիի» թերթ - Աբխազական երկաթուղու մասին խոսակցությունները Նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպման արդյունքում ինչ-որ ազդակ ստացե՞լ է: Որքանո՞վ են դրանք իրատեսական և ե՞րբ այն կիրականանա:

Սերժ Սարգսյան- Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել հետևյալը, որ հենց հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք Նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաև Աբխազիայի նախագահի հետ և անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարևորագույն խնդիրը լուծվի: Թե ի՞նչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը և ոչ միայն: Մենք այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երևան, ծախսում ենք, նկատի ունեմ մեր գործարարներին, 190 դոլար՝ մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է: Ուրիշ այլ հանգամանքներ նույնիսկ հաշվի չեմ առնում: Նույնն էլ արտահանման պարագայում է: Ես այստեղ մեծ հույսեր ունեմ:

Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Պարո՛ն Նախագահ, ասացիք, որ չեք գնալու Ազատության հրապարակ: Դա Ձեր դիրքորոշումն է, Ձեր իրավունքն է...

Սերժ Սարգսյան - Եթե դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր:

Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ- Իսկապես չգիտեմ՝ կգնայի, թե՞ ոչ: Բայց, իրոք, իր վիճակն այնպիսի է, որ կարծում եմ, կարելի էր այցելել որպես երկրորդ արդյունքը արձանագրած Նախագահի թեկնածու կամ կարելի էր գնալ և տեսնել, թե ինչպե՞ս է զգում իրեն:

Սերժ Սարգսյան- Բայց միայն տեսնելով չի, չէ՞: Ես տեսնելու խնդիր չունեմ: Եթե ամեն ինչ պետք է տեսնեմ, որ դրա մասին տեղեկատվություն ունենամ կամ կարծիք կազմեմ, ես չեմ հասցնի: Դրա համար կան հատուկ պաշտոնյաներ, ովքեր այդ խնդրով զբաղվում են: Քանի որ այդպես պնդում եք, ուղղակի, Ձեզ սփոփելու համար ասեմ, որ ես կապը չեմ կորցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և նրան վերջերս արել եմ առաջարկություն՝ իր ասած թեմայով: Հիշո՞ւմ ես, ես մեր հանդիպման մասին խոսելիս ասացի, որ նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա, ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները կդնեմ թղթի վրա և կուղարկեմ նրան: Բայց, ինչպես միշտ, ես խոսքիս հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռևս թուղթ չեմ ստացել: Ես նրանից միայն հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում՝ տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով: Եթե որոշակի առաջարկություն հնչի, ես որոշակի պատասխաններ կտամ: Հասկանու՞մ եք, երկխոսությունը չի կարող միայնակ իրականացվել: Կան բաներ, որ մարդը միայնակ չի կարող անել: Չի կարելի միայնակ ամուսնանալ: Անհնար է: Չի կարելի միայնակ երկխոսել, դա մենախոսություն է: Չի կարելի միայնակ բանակցել, ինքդ քեզ հետ հո չե՞ս բանակցելու: Պետք է գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պետք է առաջարկություն լսես և ոչ թե ասես՝ եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Դե, ես էլ կարող եմ այլ ձևակերպումներ հնչեցնել, բայց մենք, ինչպես տատս էր ասում, այդ հարցո՞վ ենք հավաքվել:

Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ- Պարո՛ն Նախագահ, իսկ ի՞նչ կա այդ առաջարկներում, որ ուղարկել եք, եթե գաղտնիք չէ:

Սերժ Սարգսյան - Ոչ, որևէ գաղտնիք չկա: Ես շատ եմ մտածել, ի՞նչ համապետական միջոցառում կարող է լինել: Դուք էլ ինձ օգնեք, ասեք մի համապետական, մեծ միջոցառում, որ կարող էր բավարարել 37 տոկոս քվե ստացած և երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին:

Շավարշ Գևորգյան, Հ2 հ/ը- Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե:

Սերժ Սարգսյան- Այ, տեսնու՞մ ես, ես էլ մի քիչ մտածեցի և գտա, որ այո, մենք կարող էինք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ խորհրդում կընդգրկեր Հայաստանի, հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի սահմանադրական փոփոխությունների ռազմավարություն մշակի, այնուհետև այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն, լուրջ աշխատանք տանեն և դնենք հանրաքվեի, և եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք՝ ընդունում ենք սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչև այդ աշխատանքն անելը, յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է հրապարակային դարձնել և պահանջներ ներկայացնել, ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ: Այստեղ նորից ուզում եմ այդ խնդրին անդրադառնալ՝ համամասնական, թե՞ մեծամասնական, խորհրդարանական, թե՞ նախագահական: Ի՞նչ ասեմ, ինչ ուզում եք:

Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Մարզպետների նշանակման հետ կապված փոփոխությունները:

Սերժ Սարգսյան – Այո, մարզպետները ընտրելու միջոցով, թե՞ նշանակելու և այլն և այլն: Սրանք բոլորը թեմաներ են, որոնք պետք է քննարկվեն, պետք է քննարկվեն ոչ միայն հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագետների մակարդակով: Օրինակ, ձեր կարծիքով, ինչո՞ւ են ասում, որ պետք է մեծամասնականը վերացնել: Պարզ է, չէ՞, որ դա զուտ կուսակցական շահից է: Դրա մասին խոսում են այն կուսակցականները, որոնց անդամները չեն կարողանում մեծամասնականում հաղթել և տևական ժամանակ երևի չեն կարողանալու, որովհետև միայն անհատի մասին չէ խոսքը, այստեղ նաև կուսակցության հեղինակության մասին է խոսքը: Եթե կուսակցությունը 6 տոկոս, 7 տոկոս է ստանում, իր հեղինակությունը փրկելու համար երկու բան պետք է անի, ցավոք սրտի, վարկաբեկի ընտրությունները և խոսի միայն համամասնականի մասով: Հակառակ պարագայում, ո՞նց կարող են ընտրությունները լավը լինել ու հանկարծ այդ կուսակցությունը ստանա 6 տոկոս: Արդյո՞ք դա կուսակցությանը պատիվ է բերում: Նրանք թքած ունեն երկրի պատվի վրա, նրանք թքած ունեն, թե միջազգային հարթակներում մեր երկրին ինչ գնահատական կտան, միայն թե իրենց այդ կեղծ հեղինակությունը փրկեն: Այնպես, որ մենք պատրաստ ենք այդ ամբողջ քննարկմանը: Խնդրեմ: Բայց այս գլխից պայմաննե՞ր դնել, ինչի՞ համար:

Հրայր Թամրազյան, «Ազատություն» ռ/կ - Դուք Ձեր առաջարկն ուղարկե՞լ եք:

Սերժ Սարգսյան - Իհարկե: Ես հասկանում եմ հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում, թե ի՞նչ պատասխան եմ ստացել: Ասեմ միայն աթոռից չընկնեք: Ստացել եմ պատասխան` խաչի տեսքով: Էլ ի՞նչ պետք է ես անեի: Ասեք` էլ ի՞նչ: Րաֆֆին լիներ կասեր` եթե տղամարդ ես հրաժարական տուր: Արդյո՞ք, տղամարդկությունը դրանով է որոշվում: Եվ, իրոք, կարելի՞ է այդպիսի արտահայտություններ անել:

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթ - Թղթի՞ վրա խաչ քաշած:

Սերժ Սարգսյան - Այո, փաստաթղթի: Հանրապետության նախագահի կողմից ուղարկված նույնիսկ ոչ պաշտոնական գրությունը` փաստաթուղթ է: Այ, սա է մեր իրականությունը և մարդկանց խոսելու և գործելու տարբերությունը:

Հանդիպման ավարտին Նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել նաև այլ թեմաների շուրջ՝ սպորտ, արտաքին քաղաքականությանը վերաբերող առանձին հարցեր և այլն: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց և հույս հայտնել, որ ապագայում ևս պարբերաբար նման հանդիպումների և հարցեր քննարկելու հնարավորություն կլինի:


 

← Վերադառնալ