Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը`
ո ր ո շ ու մ եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով`
«11.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե».
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. հոկտեմբերի 8
Երևան
ՆՀ-1091-Ն