17
03, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին

Հարգելի՛ պարոն Համբարձումյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ: Հպարտ եմ, որ Ձեզ հետ ծանոթ լինելու և շփվելու պատիվն ունեմ, քանի որ Դուք իսկապես մարդ-դարաշրջան եք:

Անուրանալի է Ձեր ավանդը ճարտարագիտության, մեխանիկայի և կրթության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն ու ճանաչումն է ստացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Գնահատելի է Ձեր երկարամյա մանկավարժական գործունեությունը: Տասնամյակներ շարունակ հիմնարար գիտության լավագույն ավանդույթները երիտասարդ սերնդին փոխանցելու առա¬քելությունը Դուք կատարել եք պատվով և մեծ բծախնդրությամբ: Գիտական հետազոտությունների կազմակերպչի տաղանդը լավագույնս բացահայտվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում Ձեր աշխատելու տարիներին:

Մեծ գնահատանքի է արժանի նաև Ձեր հասարակական և քաղաքական գործունեությունը: Անգամ ամենադժվարին պահին Դուք երբեք չընկրկեցիք և հայ մտավորականին վայել արժանապատվությամբ պաշտպանեցիք Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն և Ձեր ազգանվեր գործունեությունը շարունակելու ուժ ու կորով:


 

← Վերադառնալ