08
06, 2019

Աշխարհի լավագույն մտածողները՝ Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում բացել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը

Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,- ասել է նախագահը։- Այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում, Մոնբլան լեռան մոտ»։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին՝ գագաթնաժողովը Շամոնիից դուրս տեղափոխելու և Հայասատանը որպես անցկացման վայր ընտրելու համար:

«Մտքերի գագաթնաժողովն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքվում 200-300 մարդկանց աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր հարցերի շուրջ։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը,- ասել է նախագահ Սարգսյանը։- Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ մտովի տանում է փիլիսոփայական մի քննարկման։ Արարատ սարը Հայաստանի խորհրդանիշն է։ Սակայն այն նաև բիբլիական սար է։Համաձայն լեգենդի, հազարավոր տարիներ առաջ, երբ մարդկությունը սկսեց ավելի նախանձ լինել, չգնալ երկխոսության ու չհարգել մարդկանց գաղափարները, գերակշռող դարձան վիճաբանություններն ու բամբասանքները, երբ մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատն ու Աստծուն, Աստված որոշեց փոխել վիճակը և արարեց ջրհեղեղ։ Այնուհետև Աստված մտածեց Նոյի մասին և վստահեց նրան՝ գտնելու վստահելի մարդկանց ու կենդանատեսակների, բարձրացնել նրանց Նոյի տապանն ու նոր սկիզբ դնել։ Երբ ես անձամբ նայում եմ նոր աշխարհին, ես ջրհեղեղի նշաններ տեսնում եմ շատ տեղերում։ Ես տեսնում եմ ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը հիշեցնում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մենք սխալ ենք վերաբերվում բնությանը։

Երբ նայում ենք համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան։ Անորոշություններ կան՝ Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ , Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը։ Այս տեսնակյունից «Մտքերի գագաթնաժողովն» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարևոր է։ Ես շատ ուրախ եմ՝ ունենալու մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում։

Ի՞նչ է այն տալու Հայաստանին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է սկսել լսել, թե ինչ է ասում աշխարհը։ Սկսել «Մտքերի գագաթնաժողով»-ին տալ հիմնական հարցը՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել։ Սրանք գլոբալ հարցեր են, սակայն դրանք առնչվում են նաև Հայաստանին։ Ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ և ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անենք։ Մեզ համար իմանալը, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, շատ կարևոր է՝ ունենալու մեր ծրագիրն ու գծելու մեր ուղին, իմանալու ինչ ու ինչպես անել։ Սա կարևոր է Հայաստանի համար։ Կարևոր է, նաև, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք էլ՝ ավելի շատ բան աշխարհի մասին։ Ուստի, ևս մեկ անգամ շնորհակալություն, Թիերի, այս հնարավորության համար՝ բերելու «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան։ Ուզում եմ ասել մեր հյուրերին, որ այս տարի մենք ունենալու ենք երկու կամ երեք այլ մեծ իրադարձություն մեր երկրում։ Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ մասնագետների և այլն»։

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» ամենամյա և մշտական կդառնա։

Նախագահի ելույթին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Նա ևս ողջունել է առաջին անգամ «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացումը Հայաստանում։ «Ամբողջ քաղաքակրթությունն ըստ էության հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել են Երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը՝ մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի մասին` աշխարհում և ընդհանրապես տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ՝ աշխարհաքաղաքական միտումները, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում: Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով և աշխարհում սկսվել է գլոբալ պրոցես արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման, և սա է ըստ էության 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության դարն է: «Սա նաև Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետև մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդ: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա եկել է մտքի դարը և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքը ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Միջոցառման կազմակերպիչ «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն նշել է, որ ուրախ է առաջին անգամ Դիլիջանում կազմակերպել «Մտքերի գագաթնաժողովը»։ «Մենք հավատացած ենք, որ գագաթնաժողովի երեք օրերի ընթացքում տեղի ունենալիք շփումները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչելուն, և նոր, այդ թվում և ներդրումային գաղափարների առաջացմանը, ինչը անհրաժեշտ է նաև Հայաստանին», - նշել է Մալըրեն։ Նա ընդգծել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպման հիմքում մշտապես բոլոր մասնակիցների առաջ ունեն հետևյալ պարտավորությունը. նրանք պետք է հեռանան գագաթնաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր և նոր նախագիծ:

Հայաստանյան գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենան տարբեր թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում իրենց գործունեության ոլորտում հաջողությունների հասած և կարևոր դերակատարում ունեցող մասնակիցները կանդրադառնան աշխարհաքաղաքական զարգացումներին, բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը, ձեռնարկատիրությանն ու նորարարությանը, 21-ր դդարի առաջնորդությանն ու քաղաքակրթությունների երկխոսությանը, արժութային ու ներդրումային քաղաքականությանը, աշխարհի առջև ծառացած ռիսկերին ու մարտահրավերներին: Նրանք կներկայացնեն իրենց փորձառությունը, գիտելիքները ու գաղափարները, ինչպես նաև կծանոթանան Հայաստանում ներդրումային հնարավորություններին:

«Մտքերի գագաթնաժողով»-ի պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվում է ֆրանսիական Շամոնիի սահմաններից դուրս, և Հայաստանն առաջինն է հյուրընկալում այս հեղինակավոր միջազգային միջոցառումը: 

← Վերադառնալ