19
10, 2012

Նախագահն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին պետք է խնամքով վերաբերել, պահպանել ու բազմապատկել: Նախագահի համոզմամբ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծմամբ, այդ ոլորտում երկրների միջև աշխատանքը դարձել է ավելի համակարգված: Նման հանդիպումները, Սերժ Սարգսյանի խոսքով, կարևոր նշանակություն ունեն տվյալ ոլորտում միմյանց հաջողություններին ծանոթանալու,  բոլորի համար ընդհանուր խնդիրները քննարկելու, միասին փորձելու լուծումներ գտնելու և հաջողված փորձը միմյանց փոխանցելու գործում:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանում գտնվում է պետության մշտական ուշադրության և հոգածության ներքո, և զգալի աշխատանք է տարվում կրթության որակի բարձրացման, արդի պահանջներին համապատասխանեցման, պետական ծրագրերի շրջանակում հանրակրթական հաստատությունների և բուհերի լավագույն աշակերտներին ու ուսանողներին խրախուսման ուղղությամբ: Հանդիպման մասնակիցների հետ Նախագահը խոսել է կրթական համակարգում մեր երկրում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքների, դեռևս առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:

ԱՊՀ անդամ պետությունների կրթական ոլորտի պատասխանատուները ևս կարևորել են համագործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մշակել կրթության ոլորտի գնահատման ընդհանուր չափանիշներ, ակտիվացնել կրթության և գիտության ոլորտներում ինտեգրացիոն գործընթացները, ձևավորել արդի պահանջներին համապատասխան միասնական մոտեցումներ, ինչպես նաև կրթության ոլորտում մրցակցությունն ու փոխգործակցությունը խրախուսող համատեղ օլիմպիադաներ և այլ միջոցառումներ իրականացնել:

Հանդիպման մասնակիցները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հիշյալ նպատակին ուղղված նախաձեռնությունները պաշտպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:

 

← Վերադառնալ