Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Նախագահին ներկայացրել են այսօր տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովն իր արդյունավետ աշխատանքով կշարունակի նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ու երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: Նախագահը բարձր է գնահատել միջկառավարական հանձնաժողովի դերը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի բնագավառներում, ինչպես նաև գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության ոլորտներում բարձր պայմանավորվածությունների իրականացման գործում: