Մամուլի հաղորդագրություններ
Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ
Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ:
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպման ավարտին
Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ և կրկին իմ ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված: Կցանկանայի մեկ անգամ ևս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում:
Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին:
Պարոն Վան Ռոմպոյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին և քննարկեցինք մեր հետագա անելիքները: Կարևորեցինք Հայաստանի և Եվրոպական միություն հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում` տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար:
Մենք նաև քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը: Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր ընդհանուր օրակարգի բաղկացուցիչ մասը:
Ընդգծեցինք, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Գոհունակությամբ նշեցինք, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ կսկսվեն նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեր բանակցությունները: Ինչպես նաև կարևորեցինք բոլորովին վերջերս Երևանում մեկնարկած Եվրոպական միության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Անդրադարձանք նաև ԵՄ Խորհրդի՝ ս.թ. փետրվարի 27-ին ընդունված Հարավային Կովկասի վերաբերյալ եզրակացություններին: Իմ գոհունակությունը հայտնեցի, որ Հայաստանին վերաբերող մասում ԵՄ դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցումներին, այն հստակ արտահայտում է մեր հարաբերություններում գրանցված առաջընթացն օրակարգային բոլոր հիմնական հարցերում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրակացություններն առավել ողջունելի են, դրանք ևս մեկ անգամ վերահաստատում են այն փաստը, որ Հայաստանի և միջազգային հանրության, ներառյալ ԵՄ դիրքորոշումները համահունչ են: Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը: Հայաստանը մշտապես շեշտել է ԼՂ իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը:
Անդրադարձանք մարդու իրավունքների բնագավառում մեր համագործակցությանը, որը վերջին տարիներին բավական ակտիվացել է: Արդեն երեք անգամ կայացել են Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության հանդիպումները, որոնք, համատեղ գնահատականի համաձայն, անցել են բաց և կառուցողական մթնոլորտում: Նման մեխանիզմը երկուստեք հնարավորություն է ընձեռնում արծարծել փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև քննարկել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կոնկրետ համագործակցության հեռանկարներ:
Անդրադարձ կատարեցինք Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները, իրոք, վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին: Այս համատեքստում ազատ և արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի:
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, և մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ Երևանում:
Շնորհակալ ենք, որ Դուք Ձեր խոստումը կատարում եք: