18
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման գործում: Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների գործունեության կարեւորությունը մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության հաստատման, ընտրական գործընթացների կատարելագործման եւ մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:

Դունյա Միյատովիչը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ տպավորված է իր աշխատանքային խմբին այստեղ ցուցաբերված լավ ընդունելությամբ եւ համագործակցության պատրաստակամությամբ:

Տիկին Միյատովիչը ողջունել է ՀՀ կառավարության` քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացմանն ուղղված քայլերը` այն համարելով մամուլի ազատությունը խթանող կարեւոր հանգամանք, ինչը, նրա խոսքով, բազմաթիվ արեւմտաեվրոպական երկրներ եւս նոր են նախաձեռնում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հեռուստառադիոծրագրերը թվային հեռարձակման ցանցով հեռարձակելու գործընթացին: Դունյա Միյատովիչն այն գնահատել է որպես ապագային ուղղված կարեւոր քայլ եւ պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ապահովելու Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացում:

← Վերադառնալ