31
12, 2009

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում:

Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Այգեհովիտ գյուղ, զրուցել այգեհովիտցիների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ սահմանամերձ բնակավայրերն ու նրա բնակիչները մեր երկրի սահմանների բնական պաշտպաններն են եւ շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության կենտրոնում:

Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական հենակետերում հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած մեկ տասնյակ զինվորների Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ժամացույցներով:

Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել մեր բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը բաժակ է բարձրացրել մեր Զինված ուժերի համար:

Պաշտպանական դիրքեր այցելության ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:

← Վերադառնալ