10
12, 2009

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի մամուլի ասուլիսը

album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի հայտարարությունը մամուլի համար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան.

Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է` ընդունելու պետական այցով Հայաստանում գտնվող իմ հարգելի գործընկեր` Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի գլխավորած պատվիրակությանը:

Մեր ժողովուրդների միջեւ վաղուց ձեւավորվել եւ զարգանում են ջերմ, բարեկամական հարաբերություններ:

Այսօր ես եւ իմ գործընկեր պարոն Զատլերսը հերթական անգամ հնարավորություն ունեցանք փոխըմբռնման եւ կառուցողականության մթնոլորտում քննարկելու Հայաստանի ու Լատվիայի միջեւ հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ` միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության շուրջ:

Ուզում եմ նշել, որ մեր երկրների միջեւ գործընկերային հարաբերությունների արդյունավետության մասին վկայում են հենց նոր ստորագրված մի շարք համաձայնագրերը, որոնք կոչված են նոր խթան հաղորդելու մեր երկների միջեւ համագործակցությանը: Դրանք համաձայնագրեր են տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, միջազգային հանցավորության դեմ պայքարի մասին եւ, իմ կարծիքով, արդեն վաղուց հասունացած համաձայնագիրը օդային հաղորդակցության մասին: Հուսով եմ, որ այն խթան կհանդիսանա նաեւ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման համար, քանի որ մեր երկրները միմյանց համար եղել են զբոսաշրջական երթուղիների ավանդական ուղղություններ:

Այս օրերին Երեւանում անցկացվում է հայ-լատվիական ներկայացուցչական գործարար-համաժողով, որը նոր հեռանկարներ կբացի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար: Մենք վաղը կլսենք Հայաստանի եւ Լատվիայի` բիզնեսին օժանդակող կառուցների ներկայացուցիչների զեկույցները, որպեսզի որոշենք, թե պետական մակարդակով ինչ կարող ենք անել համագործակցության ընդլայնման եւ զարգացման համար:

Լատվիացի իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք նաեւ տարածշրջանային հակամարտությունների հետ կապված հարցեր եւ համատեղ հանգել ենք այն կարծիքին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Հայաստանը շնորհակալ է Լատվիային Լեռնային Ղարաբաղի խնդրում մեր դիրքորոշմանն ըմբռնումով մոտենալու եւ այդ հարցին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար:

Ես տեղեկացրի Լատվիայի Նախագահին հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի մասին: Ես նշեցի, որ հայկական կողմը պատրաստակամ է միջազգային մեր պարտավորություններին համապատասխան, առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման նախապայմանի եւ խելամիտ ժամկետներում վավերացնել ու իրագործել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը եւս կօգտագործի այս պատմական հնարավորությունը եւ կասկածի տակ չի դնի վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր անցած երկար ու բարդ ուղին:

Մենք երկուստեք հետաքրքրվածություն արտահայտեցինք նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ձեւաչափով համագործակցության զարգացման առումով, մասնավորապես` Արեւելյան գործընկերության շրջանակում: Մենք շահագրգիռ ենք այդ ուղղությամբ մշակելու եւ իրականացնելու երկկողմ ու տարածաշրջանային նախագծեր:

Վստահ եմ, որ Լատվիայի Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելության ընթացքում Երեւանում արդյունավետ հանդիպումներ կունենա, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկրների միջեւ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար եւ հաճույքով խոսքը փոխանցում եմ Լատվիայի Նախագահին:



Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերս.

Մեծարգո պարոն Նախագահ,

Շատ շնորհակալ եմ Ձեզ եւ հայ ժողովրդին Հայաստան ացելելու այս հրավերի համար:

Մենք պատիվ ենք ունեցել միմյանց մի քանի անգամ հանդիպելու Հայաստանից դուրս, սակայն շատ հաճելի է լինել ձեր երկրում, ձեր հողի վրա:

Մեր քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր է, դրանք լավ են զարգանում, բայց մենք ուզում ենք լավ զարգացում տեսնել նաւ տնտեսական հարաբերություններում: Այդ պատճառով է, որ ինձ ուղեկցում է տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ձեռնարկատերերից բաղկացած մեծ պատվիրակություն: Հուսով եմ, որ սա սկիզբ կդնի մեր տնտեսական հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Այստեղ չափազանց շատ հնարավորություններ կան, եւ հույս ունեմ, որ վաղը կայանալիք գործարար համաժողովը շատ արդյունավետ կլինի: Կարծում եմ` դրան կհաջորդի եւս մեկ համաժողով Ռիգայում: Փորձը ցույց է տալիս, որ երկու երկրների ձեռնարկատերերի կանոնավոր հանդիպումները եւ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որը նույնպես կստեղծվի մեր համագործակցության շրջանակում, երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման կարեւոր նախադրյալներ են:

Իհարկե, Լատվիան չի կարող իր ծովերը բերել Հայաստան, եւ Հայաստանն էլ չի կարող իր սարերը բերել Լատվիա, բայց Լատվիան որպես ԵՄ անդամ կարող է բավականին նպաստել ազատ հաղորդակցության, մուտքի արտոնագրերի պայմանների դյուրացումը եւ այլնի:

Լատվիան մշտապես ակտիվություն է ցուցաբերել, որ Արեւելյան գործընկերությունն իրականություն դառնա, եւ հիմա պատրաստ է օգնել հայկական կողմին` Գործընկերության հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար: Պատրաստ ենք օգնել մեր անցած ուղու փորձով եւ փորձագիտական հնարավորություններով:

Լատվիան ձեր տարածաշրջանը դիտարկում է որպես մի տարածաշրջան, որը գնալով ավելի սերտ հարաբերություններ է հաստատում ԵՄ-ի հետ: ԵՄ-ն մեծ շուկա է` մեծ հնարավորություններով:

Մենք պատրաստ ենք աջակցելու տարածաշրջանային երկրների միջեւ համագործակցությունը բարելավելու Ձեր ջանքերին եւ հավատում ենք, որ դա Ձեզ կհաջողվի:


Նախագահների պատասխանները լրագրողների հարցերին.

“Նովոյե Վրեմյա” թերթ - Պարոն Նախագահ, իմ հարցը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ստորագրվել են հոկտեմբերի 10-ին եւ գտնվում են վավերացման փուլում երկու երկրների խորհրդարաններում: Ինչպես հայտնի է, Հայաստանը, չնայած շատ երկրների կողմից Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության ճանաչման փաստին, երկխոսության գնաց Թուրքիայի հետ: Ինչպե՞ս է պաշտոնական Ռիգան գնահատում գործընթացը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը, համագործակցությանը, Հայաստանի ապաշրջափակմանը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զարգացում այն կարող է ունենալ:

Նախագահ Զատլերս- Հարաբերությունների բարելավումը միշտ էլ տալիս է ազգերի բարեկեցության բարելավման պտուղներ: Իհարկե, հարաբերությունների բարելավման համար պետք է բարի կամք ունենալ: Ավելին ասեմ, բարի կամքը միշտ եղել է բոլոր լավ նախագծերի հիմքում, որոնք բերում են հարաբերությունների զարգացման առաջընթացին ու հաջողությանը: Այն, որ արձանագրությունները ստորագրվել են` առաջընթացի շատ մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ առումով: Լատվիան, իհարկե, արձանագրությունները գնահատում է որպես շատ լավ, դրական ազդանշան ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, այլ նաեւ տարածաշրջանի այլ պետությունների համար, նույնիսկ կասեի` գլոբալ առումով:

“Արմենիա” հեռուստաընկերություն- Պարոն Նախագահ, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորմանը: Սպասումներ կային, որ Միացյալ Նահանգների Նախագահը, վարչակազմը կազդեն Թուրքիայի վարչապետի վրա ստորագրված արձանագրությունները վավերացնելու հարցում: Արդյո՞ք կային նման սպասումներ, եւ ի՞նչ ունենք այսօր: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարչապետի Վաշինգտոնում արած հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելու վերաբերյալ:

Նախագահ Սարգսյան - Հայաստանը երախտապարտ է բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ պետական գործիչներին, որոնց միջնորդական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք անցնել այս ճանապարհը: Միեւնույն ժամանակ, այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումը ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին եւ Թուրքիային: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը` կապված հայ-թուրքական հարաբերությունների, հայկական հարցի հետ: Նա իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է ե՛ւ հրապարակավ, ե՛ւ անձնական շփումների ընթացքում: Թուրքիայի` Ցեղասպանությունը ճանաչելու, իր պատմությանն անաչառ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ Նախագահն ասել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում: Իհարկե, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Կովկասում խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ որ կարգավորվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:

Մենք միանշանակ դատապարտված ենք համարում Թուրքիայի կողմից արվող փորձերը: Այդ փորձերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է` վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները եւ նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Բայց հիշում եք` ես նաեւ ասել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եւ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին` նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն:

Մեկ անգամ եւս հայտարարում եմ` Հայաստանը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները: Դուք գիտեք, որ արձանագրություններն իմ կողմից ուղարկվել են Սահմանադրական դատարան, եւ որ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին որոշում է կայացնելու: Այսինքն, մենք գործընթացը շարունակում ենք: Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել:

← Վերադառնալ