Անգլերեն տարբերակ Ռուսերեն տարբերակ
president.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ
 
Նախագահ
Աշխատակազմ
Իրադարձություններ
  Գլուխ 6.
Դատական իշխանությունը
Դատական իշխանությունը
Առաջին էջ
Հոդված 91
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:

Հոդված 92
Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:
Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 93
Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը։

Հոդված 94
Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:
Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հոդված 94.1
Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը:
Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:
Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։

Հոդված 95
Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝
1) կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.
4) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.
5) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։
1 2 3 4